Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ոչ ոք չէր ասի, թե երկու եղբայրն էլ մի մորից ու հորից էին սերվել։ Մկրտումը կարճահասակ էր, ոսկրոտ։ Նրա շարժումները կոպիտ էին, երկար և մազոտ ձեռքերը վայրենի տեսք էին տալիս նրան և հակապատկերն էին Եփրեմի ավելի նուրբ կազմվածքի։ Մեծ եղբոր գլուխը պատած էր կուպրի նման սև և կոշտ մազով, այնինչ Եփրեմի մետաքսի նման կակուղ մազերը տեղ-տեղ սպիտակել էին։ Առաջինը զուսպ էր, խորամանկ, ծանր ու բարակ կշռող և պողպատ կամքի տեր, երկրորդը՝ շուտ հուզվում էր, մտքինն ասում մինչև վերջ, կրակի պես լափում մինչև վերջին շյուղը և հանգչում, հանդարտվում, դառնում խոնարհ գառ։

− Չեմ իմանում... Մի պաչոտնի մարդ չտեսա, որ մեր ասածին հավանի,− խանգարեց լռությունը Եփրեմը։

− Խալխի հացը չես ուտում, որ խալխի խելքով էլ գործ բռնես,– ասաց Մկրտումը և մի քանի քայլ արեց դեպի եղբայրը։

− Պրծա՜ր... Դե հիմա իմը լսի։ Էգուց, ծեգը ծեգին, եկած ճանապարհով ետ կդառնաս, մի տրետը կտաս, պայմանը կկապես, էն սհաթին էլ ետ կդառնաս... Իմացա՞ր։

− Որ էգուց չլինի, երկու օր հետո լինի չի լինի՞... Լավ մտածի, արի՛ ձեռք քաշի էդ բոլորից... Քաղաքում տարա՜ն կերան, ով աչքը բաց է անում, վազում է մարդի շարք ընկնում... Մեզ կարողություն է պակաս... Էգուց երեխաներին ուսում տալ կա՜, կյանք ու աշխարհ տեսնել կա։

− Կարմրաքարից լավ տեղ աշխարհումս ինձ համար չկա. թող ում գլուխը ցավում է, գնա քաղաքում դուքան դնի... Քաղա՜ք... Մի հարցնող լինի, թե ինչ կա էդ պրիշակում... Էնքան բան կա՜ էս ձորերում, իմ պիլնին խոդ գցեմ, երկու տարուց հետո էնպես զավոդ բաց անեմ, որ թամաշա... Քառասնաջուրը իմը լինի, Մանթաշովի բուրողներին էլ թամահ չեմ անի... Սա երկիր չէ, ոսկի է տեղովը մին. ասենք անհասկացողը մենք ենք։

− Ոսկի է, հավաքի,− հեգնեց Եփրեմը։

− Կհավաքեմ, սպասի՜,− այնպես վճռական հայտարարեց Մկրտումը, որ եղբայրը մի պահ տատանվեց ու սկսեց կասկածել, թե միգուցե Քառասնաջուրը իրոք ոսկեհանք ունի և ինքը տեղյակ չէ: Նա ձեռքը տարավ ծոցը, շոշափեց նոտարի կողմից հաստատված այն թուղթը, ըստ որի Քառասնաջրի երկու ափին ընկած մոտ 60 դեսյատին պետական անտառը պատկանում է նրանց։

− Դու ողջություն ասա... Աշխատող մարդը քարից էլ նավթ կհանի: Կարմրաքարի ի՞նչն է պակաս... Ո՞վ ունես քո դիմաց... Չէ՛,