Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Ախր ես ալևոր եմ, տավարն անտեր ա մնացել, բա իմ որդուց մի խաբար չիմանա՞մ,− ասեց ու նստեց շեմքին, սալահատակի վրա։

Չռած աչքերով նայում էր չորս կողմ, անցուդարձ անողներին, լսում աղմուկը փողոցի, մտքի մեջ Հաթամի աղջիկը, աչքերը լացակումած, տավարն անտեր և Հաբուդը, որ մի կտոր շիկացած ածուխ էր դարձել, խանձում էր սիրտը, անասելի ցավ պատճառում նրան։

Շենքի ներսից մի մարդ դուրս եկավ, նայեց Բադուն։

− Դու ի՞նչ ես շնթռկել այստեղ...

− Աղա, ես Վանդունց Բադին եմ, տավարած։

− Վանդո՞ւնց,—հարցրեց մարդը զարմացած։

Բադին սիրտ առավ, սկսեց իր ցավը պատմել նրան, մարդը լսեց, հոնքերը կիտեց, ապա Բադու խոսքը թերի թողեց, մոտեցավ դռնապանին, կանչեց նրան մի անկյուն, ականջին ինչ-որ բան ասաց, ապա արագ-արագ հեռացավ, ծռվեց դեպի մյուս փողոցը։

Բադին զգաց, որ մի ծանր հարված պիտի իջնի իր գլխին, կանգնեց մի ակնթարթ, ապա մոտեցավ դռնապանին։

− Քե մատաղ, ի՞նչ ասեց աղեն...

Դռնապանը երեսը մի կողմ շրջեց, շրթունքը սեղմեց, ապա հանկարծ կռացավ և Բադու ականջին արագ ասաց.

− Որդուդ բերդում կրակել են էս գիշեր...

Դռնապանը հեռացավ։ Բադին մի պահ ասես քարացավ։ Հետո հանկարծ մռնչաց ցավից՝ որպես գազան վիրավոր, և արցունքի երկու շիթ գլորվեցին խորշոմած այտերի վրայով։

Բադին վազեց բերդի կողմը, շփոթվեց քաղաքի փողոցներում ու չգտավ բերդը...

Նրան ասացին, որ էլ ուշ է, իզուր է արդեն։ Եվ գլուխը կախ ետ դարձավ նա եկած ճամփով մենակ ու ձեռնունայն։

Էլ ոչ ոք չկար, ամեն ինչ կորավ։

Բադին հազիվ կարողացավ մինչև քարվանսարան հասնել, ընկավ հենց ճամփի վրա, մի քարի մոտ։ Գյուղացիք իմացան, եկան ու նրան գյուղ տարան։

* * *

Գյուղի գլխով շատ բան անցավ։ Բոլշևիկը նորից եկավ, և վարժապետ Մինասը Թավրիզի ճամփան բռնեց, բայց Արազի մյուս ափին մեռավ։