Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մայրը որդուն չէր պատմել, թե ով էր հայրը, ինչպես մահացավ: Եգորը լսել էր ուրիշներից, որ նա ուժով էր եղել, որ մի անգամ գրազ են գալիս, եզան մեկն արձակում ու նա լծվում է մյուսի հետ և հաստ գերանը Քառասնաջրից մինչև եկեղեցու գավիթը քարշ տալիս։ Շատերից էր լսել, որ նա, ջաղացպանը և Ավան ամին, անբաժան ու սրտակից ընկերներ են եղել, շատ անգամ միասին որս արել և սպանած կխտարը անտառում մաշկել, կաղնու ճյուղից կախել և միասին մի օրում կխտարի միսը խորովել ու կերել։ Եվ որպես մութ պատմություն, մի անգամ նրա ականջովն էր ընկել այն, որ իբր թե իր հայրը Խոջա Հիբանի մեծ որդուն, Մկրտումին կապել է ծառից, նրա աչքի առաջ չոր ցախ հավաքել, ոտների տակ դարսել, որ նրան կենդանի վառի։ Ավան ամին այդ պատմաթյանր չէր հաստատում, նրա ասելով հայրը միայն բահի կոթով մի անգամ խփել է Մկրտումին, նրա անպատկառ ակնարկի համար, թե իբր հայրը ղազախի տղա է և սերվել է մովրովի ղազախներից, որոնք անցյալում հարկահավաքման ժամանակ մի քանի օրով գյուղում գիշերել են։

Ամեն անգամ, երբ կայծակի փայլատակումից վախեցած մայրը խնդրում էր նրան տուն մտնել, նա հնազանդությամբ էր կատարում մոր խնդիրը, սակայն քիչ հետո նորից էր դուրս ելնում։ Նրան դուր են գալիս և վարար անձրևը, և կայծակի լախտը։ Հաճույքի հետ կար և ներքին ահ, երբ մտաբերում էր իր մանկության առաջին չարաղետ գիշերը։

− Հեյ, հե՛յ... Բանդը տրաքե՜ց, ժողովու՜րդ,− հեղեղի տարափի մեջ որոտի նման լսվեց դարբին Վանեսի ձայնը։ Ու սարսափը տարածվեց, տներում մարդիկ մի վայրկյան սառած մնացին։ Տեր Նորընծան տեղում մեխվեց, կտրվեց մտքի թելը։ Այդ րոպեին մի անգամ էլ կայծակը փայլեց և ճեղքելով իջավ այգիների վրա... Երեցկինը ներքի տնից դուրս վազեց։

− Բահը տուր, ա՛յ կնիկ... Մեր այգեստա՜նը... Կայծակն էն կողմին ընկավ,− քահանայի ոտքերը դողացին ու նստեց ծանր թախտին։

− Տունը մի բահավո՜ր, է՜... Ձեզ չեն ասո՜ւմ... Շուտ...—կանչում էր գզիրը, վառվող կերոնը ձեռքին պտտացնելով։ Մթնում կերոնը կտուրից կտուր էր ոստոստում, ասես քամու բերանն ընկած հրդեհվող թուփ էր: Տեր Նորընծայի տան առաջ երևաց մի ուրիշ ջահակիր, ձիու վրա նստած։ Քահանան վերևից ձայն տվավ.

− Անտոն... Օրհնյալ, էս ի՞նչ փորձանք հասավ ժողովրդի գլխին...

− Բան չկա, տերտեր... Դու ապահով կաց։ Կես սհաթ չի քաշի, բանդը կշինեն... Էն տեղից եմ գալիս,− ասաց յափնջու մեջ կոլոլված