Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բոլշևիկը գյուղ եկավ, ճամփեքը բացվեցին։ Իսանանց դուքանը դարձավ խրճիթ-ընթերցարան։ Իսանանց մեծ ախպերը պիսիրի հետ փախավ Պարսկաստան, և այն օրից մինչև հիմա խաբար չկա նրանց մասին։

Գզիր Զաքին էլ փախավ մոտիկ անտառը և էլ գյուղը չեկավ։ Գյուղացիք չգիտեին, թե ինչ եղավ նրա դին։ Հերու էր, որ երեխեքը անտառում ցախ ժողովելիս մարդու ոսկորներ գտան մի քոլի տակ։ Շատերն ասում են, թե գզիր Զաքու ոսկորներն են։

Վերին հանդը տանող ճամփի վրա ջրաղացներին չհասած, Աթանանց մեծ ընկուզենու տակ Վանդունց Բադու տունն է։ Բադին էլ տավար չի պահում։ Տանը ոչ ոք չունի։ Հաթամի տղջիկը որդու մահից հետո երկար չապրեց։ Վանդունց Բադին մնաց մենակ, իր հին տնակի մեջ։

Նրա աչքերը լավ չեն տեսնում, ջրակալել են։ Ամեն օր շալակով սրա-նրա համար անտառից մի քիչ ցախ է բերում` մի փոր հացի համար, իր կյանքի վերջին օրերն է ապրում։

Երբեմն էլ անտառում ցախ հավաքելիս, երբ մի քիչ ծանր է լինում շալակը, իրեն-իրեն թոնթորում է Բադին.

− Աստված, քեզ ի՞նչ ասեմ, որ ինձ տեսար, նրան առար։

Իրիկունը տուն է դառնում մենակ, օջախի մեջ մի երկու կտոր աթար է նետում և մեկնվում խսրի վրա...

Իսկ դրսում, առաջվա պես Աթանանց մեծ ընկուզենին մեղմորեն օրորում է իր ճյուղերը Վանդունց խարխուլ խրճիթի վրա...

ԱՔԱՐՈՒՄ
1

Աքար գյուղը գեղանիստ է, շրջապատված անտառներով։ Անտառում դարավոր կաղնիներ կան և հին վանքի ավերակներ։ Ծառերի տակով պաղ առու է հոսում, գյուղի փողոցներով անցնելիս աղտոտվում և ներքև, չիմաններում ճահճանում։ Առավոտներն անտառից զովություն է իջնում գյուղի վրա և զովության հետ մայրենու և լորենու մաշկի հոտով հագեցած առողջ օդ։ Բայց արևը կեծանելիս փողոցի աղբակույտերն են հոտում, գոմի բաց դռներից ելնող ամիակով հագեցած օդը չեզոքացնում է անտառի մաշկահոտը։

Աղբակույտում որդերի գլուխը տաքանում է, որդերը համաչափ շարժումով