Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պամոշնիկ Անտոնը, որ պտտվում էր գյուղի փողոցներում, օգնության հասնողներին շտապեցնում և մտրակի կոթով փակ դարբասները ծեծում:

Եվ շտապում էին, որը բահով, որը քլունգով, չուխայի մի թևը փողոցում հագնելով, մեծ մասը ոտաբոբիկ, ոմանք յափնջիներով: Դուրս եկողներից մեկը լապտեր էր առել, մյուսը՝ շտապելուց, սև նավթով լիքը թաղարը: Վազում էին ինչպես խրտնած նախիր, նույնիսկ հասակավոր մարդիկ էին ցատկում, ճղփոցով ընկնում փողոցով հոսող պղտոր ջրի մեջ, հենվում բահի կոթին: Ոչ մի ձայն, ոչ մի խոսակցություն։ Ջահերի լույսի տակ փայլում էին բահերն ու քլունգները: Պամոշնիկ Անտոնը կանգնել էր եկեղեցու մոտ և ջահը բռնած լույս էր անում նրանց, որոնք խավարի միջից, զանազան մութ ու նեղլիկ փողոցներից, բահերը զրնգացնելով դուրս էին ելնում, մի վայրկյան երևում ջահի լույսով և ապա շտապում դեպի վեր: Կարծես կալանատնից փախչող բանտարկյալների բազմություն էր, որ գնում էր անխոս, զնգացնելով ծանր շղթաները,

Դարբնի առաջին կանչին Եգորը դեպի բահը վազեց, բայց մայրը կախ ընկավ թևից։ Ու կայծակը լուսավորեց: Եգորը կայծակի լույսի տակ տեսավ մոր սպիտակ դեմքը, ձեռքը թուլացավ։ Դարբասի դուռը ծեծեցին.

− Եգո՜ր,− լսվեց ջաղացպանի ձայնը: Եգորը վազեց դարբասի մոտ։− Ձեր էն կոթը կարճ բահը տուր... Մերը ջաղացումն եմ թողել...− Եգորի փոխարեն մայրը մեկնեց բահը.− աչքդ մեր հայաթին էլ պահի... հրես ետ եմ գալու, գնամ ջաղացը...

Գզիրն էլ չէր կանգնում։ Կես ժամում համարյա ամբողջ գյուղն էր հավաքվել, և այդ բազմությունը մրջյունի պես աշխատում էր ծռելու հեղեղի հոսանքը բլուրի փեշերով դեպի գերեզմանատան ձորն, ուր Այրումի առուն տրաքված գնում էր, ձորը բերնեբերան լցրած պղտոր ջրով: Հեղեղը վիշապի նման կլանում էր ճումերի այն բարակ պատերը, որ առաջին եկողները փորձում էին դարսել:

Տեսարանը վիթխարի էր: Վերի առուն փլվել էր, հունը խորացել և դարձել մի հեղեղ, որի ակունքները շատ բարձրերում էին, այնտեղ ուր ձյունի շերտերը աղի պես հալվում էին վարար անձրևի տարափից: Պղտոր ջուրը հանկարծ էր դուրս գալիս անտառից և բերանն առած չոր տերև, կոճղ ու ճյուղ, սրընթաց արշավում գյուղի վրա: Հին ամբարտակը դիմացել էր մի պահ, ապա դեմ առած կոճղերը հրել էին հողաբլուրը, ճեղքել և ջուրը մանր առվակներով թափել գյուղի վրա։

− Ծառը կտրե՜ք,− բղավեց ջաղացպանը, երբ աչքով չափեց ամբարտակի ճեղքը։ Ամբոխից տասը հոգի վազեցին դեպի անտառի եզրը: