Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ Տեր Նորընծան միտք էր անում գյուղի առօրյայի մասին, մտքով կտրում էր անցած ճանապարհը և տքնում իմանալու, թե ուր պիտի հասնի իր ծուխը այն ժամանակ, երբ ինքը թաղված կլինի եկեղեցու պատի տակ, սառը քրտինքը պատում էր նրան, սիրտն ասես պոկվում էր, ընկնում ու տեղը մնում էր դատարկ։ Այն, որ պիտի գար, մութն էր, սևացած երկնքի պես։

Երբ ինքը դեռ երիտասարդ էր, փողոցով անցնելը հաղթական երթի էր նման... Մարդիկ կանգնում էին, խոնարհ գլուխ տալիս, իսկ կանայք, նույնիսկ պառավ կանայք, մոտենում էին և համբուրում երիտասարդ քահանայի աջը։ Իսկ հիմա՞... Մարդիկ քա՛հ-քա՛հ ծիծաղում են, ով գիտե ինչեր են ասում նրա մասին։ Նա մտածում էր «չարյաց արմատը» գտնելու և միշտ գալիս էր նույն տեղը հասնում, որոշում, որ հավատը թուլացել է, և խճճվում այն բազմաթիվ պատճառների մեջ, որ նրա համար սատանի կծիկ էին, անլուծելի հանգույց։

− Արի քնի է՜... Բա չբեզարեցի՜ր...–ձայն տվավ կինը ներսից: Տեր Նորընծան զարմացած նայեց։ Այո՜, կինն է, որ օրնիբուն աշխատում է, լվանում, եփում, թխում և այդքան աշխատանքի ընթացքում ժամանակ գտնում հարևանի տուն գնալու, կամ գյուղի մյուս ծայրը ծննդկանի համար «ծնունդ գավաթ» տանելու, իմանալու հազար ու մի լուր, հարյուրավոր մարդկանց մտքերին ու հույսերին տեղյակ լինելու, մեկին սովորեցնելու, թե ինչպես են «սինեմաքի» եփում, մյուսի հետ պայմանավորվելու, որ միասին գնան սարը շուշանի, երրորդի աղջկա գեղեցկությունը գովելու այն տանը, որտեղից լուրը հարևան գյուղից եկած կնոջ միջոցով պիտի գնար նրանց մոտ և, ո՜վ գիտե աշխարհի բանը, մեկ էլ տեսար, եկան և բանը գլուխ եկավ։ Ահա տունը, իր տունը, որ սարքել է քանի՜ տարի... Թախտը, այն լայն թախտը, որի վրա ամառվա գիշերներին հիանալի է քնելը և լույսը չբացված զարթնելը, այն ժամանակ, երբ ծտերը խոսում են, իրար կանչում և պաղ օդի մեջ լսվամ է ժամի զանգերի ծլինգ-ծլոնգը։ Տունը, որ տարիների ընթացքում լցվել է բարիքներով։ Ում պիտի մնա այդ ամենը՝ իր այգին, արքայական խնձորենին, որի մասին նա թաքուն այն կարծիքին էր, թե եդեմական խնձորենու տեսակն է իր այգում եղած «շահ-ալմասին», գոմը, մառանը:

Նա, որդին երբեք գյուղ չի գալ, Բուղդանը, երբ դեռ երիտասարդ էր, ամառները տուն էր գալիս... Բայց հենց այն ժամանակ էլ տեր հայրը նկատում էր, որ քիչ էլ մնա, թևերն ամրանան, պիտի թռչի ուրիշ աշխարհ և էլ չպիտի գա։ Նկատում էր և սարսափով նայում Բուղդանի գրքերին։ Մի՞թե նրանք էլ գրքեր էին... Ո՞ւր մնաց «Վարք սրբոցը»...