Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և կարդացել. «Երազն չար է և օրն կատարի»... Դողացող ձեռներով շալն ուսն էր գցել և Նռանձորի ճանապարհը բռնել։ Վա՜տ, շատ վատ երազ էր տեսել... Իբր թե պատարագի ծանր ժամին, սկիհը ձեռին, շրջվում է, որ խաչակնքի բազմությանը, տեսնում է, որ բազմություն չկա, մարդ չկա եկեղեցում ու միայն իր աղջիկը՝ Հեղնարը, փայտին հենած, ոտները քարշ տալով մոտենում է հաղորդություն առնելու... Եվ իբրև թե դրսում աղմուկ է, ներս են վազում մարդիկ։ Խոջա-Հիբանի տղան պար է գալիս ու կանչում՝ որ կայծակը վառել է նրա խնձորենին, Նռանձորի արքայական խնձորենին։ Մինչև այստեղ սրտի դողով կարողանում էր հիշել Տեր Նորընծան։ Բայց շարունակությունը մտաբերելիս քիչ էր մնում դատողությունը խանգարվի... Իբրև թե սկիհից կաթ-կաթ արյուն էր թափվում ոսկենկար և ասեղնագործ շուրջառի փեշերին։

Այգիների ճանապարհով անցնելիս նա տեսավ ջաղացպանին... Ուստա Նազարն էր, կանայք, որոնք նրան տեսնելուց գլխաշորով երեսի մի մասը ծածկեցին, ջաղացպանը տեղից վեր կացավ, «օրհնյա ի տեր» ասաց, բայց Տեր Նորընծան չլսեց։

− Տեր հայրը հիվանդի պես էր,− ասաց ուստա Նազարը ջաղացպանին։ Նա չլսեց։ Արզումանը պատասխանեց.

− Բաղի դարդն ընկել ա ջանը, ուստա... Դու մեր դարդը քաշի...

Եվ մոտեցավ քարերին։ Ուստան գոգնոցը կապեց, մալան առավ։

− Ուստա մի պատ կշարես, որ Պորտ-Արտուրի կրեպոստիցն էլ պինդ լինի... Դե, երգդ ասի...

Տան առաջ Սիմոնի կինը և Սալբին արևի տակ փռում էին թաց ձավարը, չորաթանը և բարակ միթելները։

...Կեսօրի մոտ գյուղում իրարանցում ընկավ։ Լուրը կայծակի արագությամբ կտրից կտուր թռավ, հասավ մինչև այգիները։ Ավան ամին մեղրաճանճի քթոցներ էր տեղափոխում, երբ Բարիկոյին տեսավ այգիների ճանապարհով վազելիս...

− Բարիկո, ախչի, էդ ու՞ր...

− Ջաղացը... Ավան ամի, ղազախները գալիս են...

− Ի՞նչ ղազախ... Կաց տեսնեմ,− սակայն Բարիկոն արդեն կամրջի գլխին էր: Ավան ամին գոտու տակ խրած արխալուղի փեշերն արձակելով, ճանապարհ ընկավ, չուխայի մի թևը կախ։

− Արզումա՜ն...

− Հե՜յ...

− Տերության մարդ է գալիս։

− Հե՜... Գալիս եմ հրե՜...