Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր պառկում, կամ տանը՝ քուրսու տակ։ Ոչ գյուղամեջ էր դուրս գալիս և ոչ էլ երևում էր գյուղական տոներին։ Կողքի գյուղերն էլ էին նրան ճանաչում, մի կարմրաքարցու հանդիպելիս, եթե հարցնեին գյուղի անցուդարձից, կարմրաքարցին ծիծաղելով պատասխանում էր, թե «Քաչալ Սային հլա բոստանումն է», այսինքն գյուղում նորություն չկա...

− Տեր Նորընծան չկա՞...

− Գնացել է ստրումենտ սարքի, որ գա ժողովրդին օրհնի...

− Տնաշեն, խաչը ջուրը գցելիս օրհնում է... Բա մենք սաղ գեղով էս գիշեր ջրի մեջ ընկանք, ուրեմն չօ՞րհնի,− ասաց Արզումանը:

Այդ խոսքի վրա փողոցի ծայրում երևաց Եփրեմը։ Նա ձիու գլուխը ձգեց, ձին հետևի ոտների վրա բարձրացավ ու պտույտ արեց։

− Շան որդու փորսին տես...

− Մարդ է զարմացնում, կակ բուդտո ձի չենք նստել,− ասաց Արզումանը։

− Էն մադյանը որ քու տակին լիներ, հավատա ուրախությունից երկինք կթռչեիր...

− Իմ տակին մի ռիսակ կար, որ քեզ պոչից կապած կտանեի Սուտիկ պապիդ մոտ,− պատասխանեց Արզումանը և խեթ նայեց Սուտիկ Ոսկանի թոռ Գըդլ-Պուղուն, կարճլիկ ու հաստ մի երիտասարդի, որին գյուղում չէին սիրում։ Նրան անվանում էին «պրիստավի թազի»։ Երկուսն էլ իրար աչքով չափեցին, այդ րոպեին մեկը կանչեց.

− Ֆուրգունները...− և Եփրեմը ձին արագ քշելով անցավ փողոցով, ցեխի շիթեր շպրտելով այս ու այն կողմ։

− Ձիդ թրքեց... խազեին,− բազմության միջից կանչեց մեկը, ոմանք ծիծաղեցին։ Եփրեմը ետ նայեց ու գոռաց պատերի տակ շար ընկած երեխաների վրա.

− Դենը փախեք, շան լակոտներ... Ընկնելու եք տակը, սատկեք...

Եփրեմի բարկությունը մեղմելու նպատակով, թե բազմության մեջ աչքի ընկնելու համար Գըդլ-Պուղին հարցրեց.

− Եփրեմ, վերի կապովն եկա՞ք, թե ներքի ճամփով...

− Վերի կապն էլ քանդվի, ներքինն էլ... Սա երկիր է՜... Շան օր քաշեցինք...− և ձին քշեց։

− Պո-պոպո... Էս ինչ քոսակ է՜...

− Կրիբալդի՜... Կրիբալդի...

Փողոցի ծայրին երևաց մի ձիավոր, երկար պլաշչը հագին։ Գլխին դրել էր գյուղի համար արտասովոր գլխարկ, որի ծայրերը երկու կողմերից լոշ-լոշ ականջների նման կախվել էին։ Մարդն անբեղ, անմորուս էր: