Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/498

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շալուն Սիմոնը և մի քանի մոտ ազգական ու բարեկամ։ Երկու անգամ մարդ էին ուղարկել քահանայի հետևից։

Բակում, խարույկի առաջ մի մարդ կտրատում էր սյունից կախած ոչխարը։ Սիմոնի կինը մեծ շերեփով խառնում էր կաթսան, շուտ-շուտ ածխակոթերը կաթսայի տակ հրում։ Շողերը, Եփրեմի կինը, նրա մայրը շտապ-շտապ սանդուղքով վեր ու վար էին անում, տանում հաց, գինի, միս, պանիր, կանաչեղեն... Ընթրիքը գնալով թեժանում էր։ Լայն պոտնոցների վրա դարսած խաշլաման ու խորովածն իրար հետևից էին տանում։ Եփրեմը գինու մի փոքրիկ կարաս էլ էր բաց արել։ Ֆուրգոնչիները ձիու նման էին խմում քաղցր գինին և ճաքճքած մատներով, կեղտոտ եղունգներով բռնում մսի մեծ կտորները։ Նրանց ձեռքերից ձիու քրտինքի և կաշվի հոտ էր գավիս, սակայն նրանք այդ չէին զգում։ Գերմանացին էլ էր տաքացել։ Նա դեն էր գցել պլաշչն ու պայուսակը և ագահությամբ դատարկում էր գինու գավաթները, ուշադրություն չդարձնելով այն կենացներին, որ ասվում էին, և ոչ էլ խմելու կարգին։ Ուստա Նազարը փորձեց երգ ասել, բայց ֆուրգոնչիներից մեկը քթի տակ ծիծաղեց։ Սիմոնը գլուխը կախ ուտում էր, ինչպես կուտի առատ սեղանի մոտ նստած աղքատը։ Եփրեմը բացվել էր. շատ հազվագյուտ էր լինում նրանց տանը այդպիսի ճոխ ընթրիք։ Եվ խմում էր առանց քաշվելու եղբորից, խմում էր ու պարապ գավաթը գլխիվայր շրջում։ Իսկ գերմանացին հռհռում էր...

− Ես տեսնում եմ, որ հայերը գործունյա մարդիկ են,− ասաց նա։

− Ասա՝ հայի մեռել գետնի տակ էլ կբանի,− վրա բերեց ուստա Նազարը։ Սակայն նրա ասածը Եփրեմը չթարգմանեց։

− Հենրիխ ջան,− ասաց Եփրեմը,− խմի, գործի ժամանակ էլ քրտնի... Խարաշո, եյ բող։

− Ես մի այդպիսի սղոցարան էլ սարքել եմ Լոռի... Ըմ... Էլի հայ էր, հարուստ հայ... Թիֆլիս էլ աներ ունի...

− Եփրեմ, մի հարցրու տես նրանց մաշինն ինչ թավուր էր,− ասաց Մկրտումը։

− Սաղ մի ֆիրմայի է, բրատ ջան, արխեին կաց,− ասաց Եփրեմը գլուխն օրորելով։

Քեֆի տաք ժամանակ Մկրտումը վեր կացավ և աննկատելի դուրս եկավ:

− Էն տղայի համար մի քիչ հաց-մաց շինի,– ասաց նա կնոջը։ «Էն տղան» Գոդին էր, որ այդ գիշեր պահակ էր մնացել ֆուրգոնների և խանութի առաջ շարած ապրանքի մոտ։