Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շալակին տուն եկավ, լաց եղավ շորերի վրա, և երբ լացը հանդարտեց, ամուսնու արխալուղի գրպանում երեք աբասի գտավ:

Սեր չկար նրանց մեջ և ոչ էլ ատելություն: Մի հարկի տակ ութ տարի ապրել էին և այդ տարիներում վարժվել էին իրար, ինչպես ձին է վարժվում ախոռին: Մի ձմեռ անցավ, կաղնու տերևները կանաչեցին, և երբ Շահանը ուրիշի համար քաղհան անելիս բլրակի գլխից նայում էր անտառի խորքից բարձրացող ծխին, իհարկե, ամուսնուն էր հիշում, բայց կարոտ չկար և ոչ էլ քաղցր հուշ:

Գիշերները դռան կապն էր գցում և աղջիկների գլուխը դնում բարձի վրա, իր մարմնին մոտ առնում ծծկերին ու տաքացնում: Դարձավ թուխս, փռեց թևերը, և թևերի տաքության տակ աճեցին Շահանի շեկ աղջիկները: Պիտի մեծանային և սպասեին, որ թևավոր մի տղա առներ առաջնեկին, հետո միջնեկին, փոքրին: Եվ ոչ մի թռչուն Շահանի հարկի տակ չպիտի բերեր և ոչ մի շյուղ:

* * *

Ութը տարի անցավ: Հանեսի աղջիկը հացթուխ էր, և քաղհան անող, և շալակով ցախ բերող: Ութը տարի թեժ թոնիրը խաշել էր դեմքը: Դրանից էր, որ դեմքը փայլ ուներ, զոդած խոփի պես: Թոնրի մոտից հեռանում էր, մի քանի տաք լավաշ կռան տակ, բաժանում էր աղջիկներին: Սարյակն էլ կտուցով որդ էր բերում, ճտերին տալիս, նրա փետուրներն էլ փայլ ունեին, բայց սարյակը թոնիր չի տեսել:

Ութը տարի Շահանի կալը ցորենի խուրձ չտեսավ, մարագի կտուրին անձրևը փոքրիկ փոսեր արեց, և ջուրը կաթեց գերանների վրա: Սարդը ոստայն հյուսեց, և մի ձմեռ էլ մարագի երկու գերանը ձյունի ծանրությունից կքեցին, հող թափվեց մարագում:

Երբեմն Շահանն ուշադիր նայում էր մեծ աղջկան՝ Սանդուխտին, ուզում էր նկատել, թե հասնու՞մ է աղջիկը` հունցած խմորի պես, ինչու՞ ուշ է ձևավորվում մարմինը, շարժումները դեռ մնում են մանկական, հարցերն անմեղ ու միամիտ: Սրա-նրա հացատանը Շահանը լուրեր էր որսում, և երբ խոսք էր ընկնում աղջիկ տալու և առնելու մասին, Սանդուխտին էր մտաբերում: Մի տեղ լիներ, տեղաց աներ երեսի ջրով, բեռը թեթևանար, մնացած երկուսի մասին մտածեր: Հանկարծ ոչ ոք չուզեր, աղջիկները դեղնեին սերմացու վարունգի պես և անպտուղ մնային նրանք: Բայց չէ՞