Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր վերքը, որ շոգից ու կեղտից որդնոտել էր։ Քաղցած ոչխարը և պոկոտում էր խոտը, և ցավից դմակը պատերին ու քարերին քսում։ Գավթի ստվերում, փալանը փորի տակ կախ, շշմած կանգնել էր մի էշ և նայում էր ոչխարի շարժումներին։ Արթուն և առույգ էին միայն աքլորները, որ քրքրում էին փողոցի աղբն ու արուի հպարտությամբ կանչում հավերին։

Ծառի տերևն էլ չէր դողում։ Եվ տոթին, երբ մեղուներն էլ էին խմբերով իջնում առվակի խոնավ ափերին,− Բոլոր-քարի մոտ նստած երկու ծերունին լսում էին Քառասնաջրում թափվող ջրի ձայնը և բարակ դրնգոցը։ Նրանց համար նորություն էր այդ․ կարծես երկաթյա թևերով մի թռչուն իջել էր ձորը և նվում էր՝ թևն արնոտ բուի նման։

− Էլ էն Քառասնաջուրը չի հե՜յ...− ասաց ծերունիներից մեկը ննջացող ընկերոջը։

− Ասում է ձորի մասրիքը չորացել են,− պատասխանեց նա և աչքերը՝ շոգից, հոգնածությունից, ծերությունից փակվեցին։

Ծերունին ճիշտ էր ասում։ Քառասնաջուրն էլ առաջվա փոքրիկ ձորակը չէր, ուր այնքան առատ էր լինում մասուրը, իսկ քարերի արանքում մանուշակի ու մորենու թփեր։ Թիթեղյա ծածկոցը թուխպի պես թևերը փռել էր, հենվել սյուների վրա, որոնց արանքում վագոնետները բարակ ռելսերի վրա ետ ու առաջ էին գլորվում։ Ճիշտ մեջտեղը, գերանների վրա ամրացված էր ստանոկը։

Պողպատյա սղոցը պտտվում էր, գերանը դժկամությամբ էր իր սպիտակ բունը մոտեցնում, սակայն վագոնետը գլորվում էր և սղոցի սրածայր ատամները քրքրում էին փափուկ միջուկը, ավազի նման շպրտում։ Սղոցը զիլ էր զրնգում, երբ դեմ էր առնում կարծր կոշտի, ավելի արագ էր պտտվում, տաքանում և կոշտը ճեղքում։ Գերանը երկու կտոր անելուց սղոցն ավելի հանդարտ էր զրնգում, նեղ ձորից դուրս եկող գետակի պես և սպասում, որ մի այլ գերան, սպանդանոց քշվող եզան նման, վիզը մեկնի սուր դանակի տակ։

Ամբարտակից ջուրը բաց խողովակով թափվում էր հսկա անիվի վրա, որ հագցված էր երկաթյա երկար ձողին։ Քառասնաջրի երկու ափին գտնվող փայտի սյուներն իրենց վրա էին կրում ոչ միայն գլխավոր անիվի և ձողի ծանրությունը, այլև նույն ձողին հագցրած փայտյա մի ուրիշ անիվի, որի բոխի փայտից շինած ատամները խրվում էին չուգունե պտուտակի ատամների մեջ։ Տասը փութ ծանրություն ունեցող այդ պտուտակը, որ ավելի կարճ ձողի էր հագցրած և հենվում էր ցածր սյուների վրա,− իր հերթին դարձնում էր մի այլ պտուտակ, որի ձողին ամրացրած երկաթյա անիվը հաստ փոկերով միացված էր ստանոկին։ Այդ ամենը