Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/513

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տակին մնացածը չի կառավարում։ Էն խաչած հողին ոչ արժանանամ, թե սուտ ասեմ, հրես հանդից կոտրատված եկել եմ, տանը մի գցելու չայ չկա: Բա որ մեր երեխուն տանեն, էն է ինձ գցեմ գետը... Սելավն եկավ, կալատեղս քանդեց, մինչի հիմա էլ խանգարված է մնացել։

− Ա՜յ Իսո, հազար ասի, ո՞վ է լսողը։

− Բա վերջը, մի լուս չի՞ հասնելու մե՜զ։ Էսպես խավար պիտի մնա՜նք...

− Ջաղացդ էս է, թեփն ալյուրի հետ կես է. կաղաս էլ էս է, չաղաս էլ էս է... Բա՜, Իսո։

− Ջրին ասին թե ինչի՞ ես խշշում, ասաց՝ տեղս քարոտ է... Հիմա մեր օրն է։

− Լա՜վ, դարդ մի անի է՜,− ասաց դարբինը։− Սրան ռուսի թագավոր կասեն... Երկու ամիս չի քաշի՝ փափախներով խռիկ կտա գերմանացուն, տանի ծով կածի։ Շա՜տ շատ երկու ամիս դիմանան։ Հերու վարժապետն ասում էր, թե նրանց հացն առնովի է։ Հաց որ չունենա, ինչ պիտի անի։ Դու ասա հացի բանը լավ գնա։

− Հազարաստեղծ աստված, քո խեղճն ենք... Մեծ գետի ճանապարհը մեծ է լինում... Դու ասա, որ մեր աղբյուրը չցամաքի,− ասաց Շուղանց ալևորը։

− Իսո ամի, հարուստի տունը ղոնաղ եկավ, աղքատի ուլը մորթեցին։ Տրաքոցը որ ընկավ, մենք հո էս գլխից ենք ոտան տակի կորչելու,– տխրությամբ հարեց Ունանը։

Նա նստել էր անկյունում ու մտածում էր իր կրտսեր եղբոր մասին, որ երկու տարի առաջ վերադարձել էր զինվորությունից։ Ինքը Ծիրանի տափն էր վարում, երբ տեսավ իր փոքր աղջկանը բլուրն ի վեր բարձրանալիս։ Մաճը բաց թողեց ձեռքից. «չլինի՞ մի փորձանք է պատահել տանը»... Եվ մոտեցավ աղջկանը. «Խաչանը ե՜կել է՜...» կանչեց աղջիկը։ Քիչ հետո երևաց և Խաչանը։ Ինչ ուրախությու՜ն էր։ Մոտեցավ ու փաթաթվեցին իրար: Այս հիշելուց Ունանը ժպտաց, նրա աչքերում արցունք երևաց։ Ի՜նչ լավ էր վարում Խաչանը հենց առաջին օրը, կարծես չորս տարի զինվորության մեջ չէր եղել։ Ունանը միտք ուներ մաճկալությունը թողնելու։ Ահա քեզ... Խաչանը գնալու է... կինը, երեխան։ Ինչպե՞ս պատահեց։ Գուցե սու՞տ է. բայց մարդիկ խոսում են։ Ու ոչ մի օր չի հիշում իր կյանքում, երբ աշխատանքի եռուն ժամանակ այսքան բազմություն հավաքվեր Բոլոր-քարի շուրջը։ «Տրաքոցը որ ընկա՜վ»... Եվ Ունանը հիշեց իր խոսքը։ Էդ ո՞վ գցեց տրաքոցը... Հանդարտ վար էին անում...