Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երեխաներին, որոնք ճտերի նման թխսամոր հետևից վազում էն, հացն ուտում այնքան ագահ, ինչքան շերամի որդը թթենու տերևները... Շաբաթը մի տաշտ հերիք չի անում։ Եվ ի՜նչ ցորեններ կան այս տարի,− մտածեց Ունանը։ Ջաղացպանն իզուր չէր ասում, թե տարին գլխակեր է... Իմաստուն մարդ է ջաղացպանը... Միայն նա կարող է ասել, թե ինչ պիտի անել, որ Խաչանին զինվոր չտանեն։

− Յարաբ տեսնես մեր եզինքը ջրե՞լ են,− ասաց նա բարձրաձայն, և փեշերը թափ տալով վեր կացավ տեղից, իջավ ներքև։ Նրա ականջին ընկավ Չետանց Ունանի հարցը...

— Տերտե՛ր, գերմանացին խաչապաշտ չի՞...− Ունանը քայլում էր ու մտածում. գերմանացին խաչապաշտ չի՞... Հա՛, Խաչանն էլ է ավազանում մկրտված... Ի՜նչ պարզ միտն է այն օրը: Կնունքին մի ոչխար մորթեցին... Ի՞նչ խաչապաշտ։ Ունանն անցավ եկեղեցու մոտով, մի վայրկյան կանգնեց ու գլուխը թեքեց վեր։ Արդեն տարիքն առած մարդ էր, բայց չէր հիշում, թե երբևիցե գիշերով նայած լիներ եկեղեցու խաչին։ Նրան տարօրինակ թվաց, որ գմբեթի գլխի խաչը փայլում է զոդած խոփի նման։ Խաչապաշտ են Խաչանը, գերմանացին, ռուսը... Այն մարդը, որ Քառասնաջրում զավոդ սարքեց։ Նա շատ հարգանքով բարևում էր տերտերին։ Իսկ հիմա... Հը՞, իսկ խաչը... Հենց այնպես է դրված, որ Թելունց պառավն աղոթք անի, երեխաներին բերեն և ավազանում մկրտեն, պսակի ժամանակ Տեր Նորընծան օրհնի։ Ու մի բան Ունանի ներսում պոկվեց, սուզվեց ինչպես քարը խոր լճի մեջ։ Տեղը մնաց դատարկ, ծառի փչակի պես և թե՜թև, ինչպես քամու բերանն ընկած տերևը...

Իսկ քահանան պատմում էր, որ գերմանացիք ուրիշ տեսակի խաչապաշտ են, «ֆրանսացոց ազգաբնակությունը» ուրիշ, «անգլիացու հավատքն այլակերպ է», յապոնացին կրակապաշտ է, ռուսաց ժողովուրդը պրավասլավնի խաչապաշտ է, որովհետև խաչը ծուռ են կնքում։ Չետանց Ունանի գլխում մի հարց պտույտք էր անում, ինչպես կամը կալում։ Երբ տերտերը լռեց, նա անհամբեր հարցրեց.

− Տերտեր, բա էդ խաչապաշտ ազգերը ո՞նց են իրար մսի ելել... Էնա թող գնան յապոնացու երկիրն առնեն էլի...

Քահանան հանկարծակիի եկավ։ Ու նորից հիշեց այն, ինչ ամենից սոսկալին էր նրա համար։ Չետանց Ունանն էլ...− մտածեց նա։ Եկեղեցու աջ կամարի տակ նրա մշտական տեղն է... Ձմեռը մի կիրակի չի բաց թողնում, գալիս է, ծունր դնում, փափախը գետնին ու գլուխը կախում: Բեմի վրայից քանի՜ անգամ է խաչակնքել նրա կողմը։ Տեր Նորընծան զգաց այն, ինչ ծանոթ է խրոնիկ հիվանդություն ունեցողին. ահա նշանը,