Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրար։ Ի՞նչ պատահեց դարբնի հետ այդքան կարճ ժամանակում... Նա այգում հայտարարեց, որ կարճ ճանապարհը «մեկի փորը ծխով լցնելն է»։

− Ես ասում եմ, որ բոլորս պետք է սեր միաբան լինենք։ Կռվի ժամանակ հայերի մեջ խառնակչություն չպիտի լինի,− ասաց դարբինը կռահելով Ավան ամու երկմտանքը:

− Դե փիս չի ասում հո՜,− վրա բերեց Շինականը: Դարբինը նրա ասածից խրախուսված՝ շարունակեց.

− Մենք էլ մին ժողովուրդ ենք չէ՜... Մեր մեծամեծերը մեզ համար մի պլան քաշած կլինեն։ Էսօր էգուց Տաճկաստանն էլ է կռվին հասնելու... բա մենք սուս պիտի նստե՞նք:

− Ա՜յ հիմա «շաշ ուստա» ես,− վրա բերեց Ըմբովի Թյունին, նրանից վրեժ առնելու համար։ Այս անգամ նրան հաջողվեց, որովհետե ծիծաղեցին այնպես, ինչպես «Թարսի ձի» ասելուց: «Շաշ ուստան» դարբին Վանեսի մականունն էր։ Այդպես էին կոչում անկանոն և շփոթ աշխատելու համար։ Նա շատ լավ գիտեր իր արհեստը, բայց քմահաճույքով էր աշխատում։ Երբեմն մաշված, ճաքճքված խոփն այնպես էր սարքում, որ տերն անգամ չէր ճանաչում, իսկ երբեմն էլ մուրճով այնքան էր ծեծում, որ խոփը կորցնում էր ձևը։ Թոնրից նոր հանած լավաշի համար տասը ռուբլու աշխատանք կաներ և ընդհակառակը՝ գերանդուին կցան տալու համար հանկարծ ավելին էր պահանջում, քան գերանդուն արժեր։ Ինքնուս արհեստավոր էր, նա և՛ հյուսն էր, և՛ ատաղձագործ, և՛ դարբին։ Նրա շինած կողպեքների նմանը քաղաքում էլ չէին կարողանում գտնել։ Բայց ամենից լավ «ձեռացագործը», ինչպես ասում էր Տեր Նորընծան, հրացանն էր, նա այնպես շնորհքով էր հրացանի փողը փոխում, կտրում մանր, նորոգում, որ տեսնողը չէր հավատա, թե Կարմրաքարի դարբնի գործն է։

Երկու կիրք ուներ դարբինը, մեկը՝ որսորդությունն էր, մյուսը՝ զանազան արկածների պատմություններ լսելը։ Նա ոչ միայն լավ նշան էր խփում, այլև գիտեր, թե որ գազանը ինչ տեղով է անցնում ամառը, ձմեռը, գիշեր թե ցերեկ։ Ամբողջ ձմեռը որս էր անում, երբեմն ձյուն ձմոանը երկու երեք օրով տուն չէր գալիս։ Այդ օրերում գյուղում գիտեին, որ նա մեծ որսի է հանդիպել՝ արջի, քարայծի, կխտարի... Եվ տուն էր գալիս մռայլ, երեսն ու ձեռքերը վառոդի ծխից սևացած։ Նա հազիվ էր ստորագրում իր անունը, բայց երկաթե կտորտանքի, ժանգոտած մեխերի և մանգաղների կողքին, դարբնոցի մուրից սևացած դարակի վրա չորս-հինգ գրքեր կային։ Նրա սիրած գիրքը «Կայծերն» էր, բայց ամենալավը՝