Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կապած, ոսկին մեծ պատնոցի վրա դարսած եկան նաչալնիկի դռանը կանգնեցին... Նաչալնիկը դուրս եկավ, ռուսերեն խոսեց, էնքան չհասկացա։ Համա ամեն խոսքին ուռա էին կանչում: Հետո պատնոցը ներս տարան...

− Ուրեմն նվիրատվություն ենք անում զորքի հարկավորության մասին,– մեկնաբանեց Տեր Նորընծան, որը մեծ հիացմունքով էր լսում «Միքայելի որդու» պատմածը քաղաքի ոգևորության և եռուզեռի մասին:

− Այ հայություն,− ոգևորված բացականչեց դարբինը։

− Մի պատնոց կտան, փոդրաթից տասը դուրս կբերեն,– կծու շեշտով հարեց Ավան ամին։

− Մինչի դուրս գալուս սհաթն էլ քաղաքն ուրախությունից դրնգում էր,− եզրափակեց Մուքելի տղան։

− Շաշվել են, ինչ է... Մարդ էլ կռվի համար ուրախանա՞... Խելքս բան չի կտրում։

Ավան ամին դեռ խոսքը չէր ավարտել, երբ մի ձիավոր ձին թափին քշած, անցավ փողոցն ու ծռվեց դեպի «պամոշնիկի օթախը»:

− Զրիկա գզիրն էր,— հայտարարեց Շինականը:

− Վեր եկ գնանք Անտոնի մոտ,− ասաց Շուղանց Իսոն,— բալքի թազա հրաման կա...− և համարյա բոլորը տեղներից վեր կացան։

− Տեսնեմ մեր մադյանի առաջը խոտ գցող եղա՞վ թե չէ,– ասաց Չանեն ծուռ Ունանը, մթնում տափտափելով:

− Է, ինչի վրա ես միտք անում,− պատասխանեց Շինականը:

− Քուռակամեր է ախր...

...Խարույկի վրա կախած կաթսայի մեջ քլթքլթում էր ջուրը, թշշալով ընկնում կրակի վրա։ Ընթրիքի համար վաղահաս կարտոֆիլ էին եփում։ Խարույկի մոտ, գետնին խրած փոքրիկ զնդանի վրա ջաղացպանը մուրճով ծեծում էր գերանդու ծռած բերանը, Սիմոնը, որ նոր էր վերադարձել Կաղնուտի ձորից, դանակով քերում էր կացնի կոթին հենած կաշվի ձողը։ Նրա կողքին պառկել էր Արզումանը և ձեռքի ճիպոտով մերթ թեժացնում էր խարույկը, մերթ հեռու թռչող կրակները հավաքում։ Երկու հնձվոր, երեկոյան սառնությունից պաշտպանվելու համար չուխաներն ուսերին գցած՝ թիկնել էին խոտի խուրձերին։ Նրանցից մեկը ծխում էր, մյուսը՝ աչքերը բաց անում, նայում քլթքլթացող կաթսային ու նորից փակում: Խարույկից քիչ հեռու ջաղացպանի կինն ու Սալբին ավելուկից շարան էին կապում։ Սալբին երբեմն մասրենու ձողով խառնում էր կաթսան, մի կարտոֆիլ հանում, մատներով սեղմում ու կիսաեփը մեջը գցում: Երբ աղջիկը ձեռքը մեկնում էր կաթսային, ննջողը գլուխը վեր էր