Սանդուխտը հասկացավ և երբ կոճկեց դեյրան, չուստերը հագավ, մոր փեշից բռնեց դուրս գնաց, տեսավ թե ինչպես բժիշկը օրորեց գլուխը։ Դռան մոտ Շահանը բարկացավ աղջկա վրա, որ փեշից է բռնում ծծկերի պես։
Ղազախի Օհանն օրենքի մասին լսեց, հոնքերը վեր քաշեց, մեկ էլ աչքերը փոքրացրեց։ Հենց այդ վայրկյանին նա որոշեց օրենքը զանց առնել, թռնել վրայով, որպես բարակ մի առու, կողպեք կախել Հանեսի աղջկա մարագի դռնից։
Ճանապարհին Սանդուխտն առաջից էր գնում, Շահանն ու Օհանը միասին, Օհանի տղան հետևից։ Ծանրաշարժ ու ծանրամիտ էր Օհանի տղան, ոսկորը պինդ։ Խոսելիս պռոշը կախում էր. դրա համար էլ պռոշի անկյունից ծլոլն էր թափվում, որպես կտուրի նովդան։ Նայում էր Սանդուխտին, զոլավոր դեյրին, և ծլոլն ավելի շատ էր թափվում պռոշի նովդանից։
Շահանը ճանապարհին պատմեց բժշկի ասածը՝ սպասելու մասին, բայց Օհանը կտրուկ հայտնեց, որ սպասել չի ուզում։ Աքարում աղքատ աղջիկ շատ, ավեր կալ ու մարագ լի։
− Թող ապրեն, որ հասակն առավ, էն ժամանակ տանենք զագս․ օրենքն ի՞նչ պիտի իմանա։ Դու հիմա պայմանը կապիր...
Այդպես էլ արին։ Սանդուխտին լացով ու խաբելով տարան, մայրը մինչև լույս մնաց նրա մոտ, խոստացավ ամեն օր գալ, ծեծով սպառնաց, մայրն էլ լաց եղավ։ Լուսադեմին Սանդուխտը կոտրեց իր խոսքը և վախով նայեց Օհանի տղին, որ ցորենով լի ջվալների մոտ պառկել, խռմփացնում էր։
Հաջորդ գիշերն էլ լաց եղավ Սանդուխտը, բայց գլուխը խոնարհեց Օհանի տղի հետ մի բարձի վրա։ Լուսաբացին սփրթնած, արցունքն աչքին մոր մոտ վազեց, փաթաթվեց նրան, բայց մայրը ետ բերեց, դարձյալ համոզեց։
Ղազախի Օհանը նորոգել էր կոտրած գերանները և քար թափել Հանեսի աղջկա կալ ու մարագի մոտ։
Չորս ամիս անցավ։ Աքարի պատմության համար չորս վայրկյան էլ չէր անցած ամիսները։ Էլի հաճար էին ուտում, իսկ նորոգած մարագը մատնաչափ չէր փոխել գյուղի ընդհանուր տեսքը։