Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պոկում։ Եփում էին, թխում։ Կանուխ էին վեր կացել և նրանք, որոնք զինվորացու չունեին, գնացողը մեկի փեսան էր, մյուսի հորաքրոջ տղան... Պառավ կանայք, շալերի մեջ փաթաթված, դողացող ստվերների նման մեկ-մեկ անցնում էին գյուղի դատարկ փողոցներով ու կորչում եկեղեցու ներսի մթության մեջ։ Բոլորն էլ համարյա նույն ձևով էին ծնկադրում, փղձկում, ճակատը կռացնում եկեղեցու սառը հատակին: Ոչ ոք չէր լսում Տեր Նորընծայի ձայնը, որ արձագանք էր տալիս ծանր կամարների տակ, ինչպես հարվածը դատարկ կարասում: Կանայք ու ծերերը երկար չէին մնում։ Հենց արցունքը ցամաքեր թե չէ, դուրս էին գալիս և շտապում տուն՝ մի բան էլ պատվիրելու գնացողին, մի քիչ էլ նայելու նրանց։

− Հիբանի տղերքն ի՞նչ են լսել, որ առավոտ կանուխ դուքանը բաց են արել,− հարցրեց Թելունց պառավը ժամհարի կնոջը։

− Է՜հ, նրանց սրտի խորհուրդն ո՞վ կիմանա,− պատասխանեց կինը:

Այդ առավոտ Կարմրաքարում ամենից վաղ զարթնողը Մկրտումն էր։ Լույսը չբացված Եփրեմը քաղաք էր գնացել տեղեկանալու ապրանքի գներից ու կատարվող իրադարձություններից։ Մկրտումը նրան շատ հանձնարարություններ էր տվել, մի քանի անգամ էր կրկնել իր ասածը, կրկնել էր տվել եղբորը, ինչպես ուսուցիչն՝ աշակերտին։ Գիշերով Մկրտումն ինքն էր վեր կացել, իջել ներքև, Եփրեմին զարթեցրել, Գոդուն պատվիրել ձին թամբելու և եղբորը ճանապարհ գցելուց մի անգամ էլ ապսպրել քաղաքում անելիքը և գնացել խանութ։

Մկրտումը խանութի հատակին փռել էր գույնզգույն և էժանանոց թաշկինակներ, որոնց մեջ բուռ-բուռ լցնում էր չամիչ, պնդուկ, նոխուդ, ապա թաշկինակները կապոց էր անում, դարսում։ Խանութում ոչ ոք չկար։ Ամեն մի թաշկինակ կապելուց հրճվում էր, ինչպես մայրը, որ քնած երեխայի գլխավերևն ընծա է դնում։ Մկրտումը մի վայրկյան մտածեց, ապա ետ դրեց կապած թաշկինակները, սկսեց բաց անել: Մրգեղենն իրար էր խառնվել։ Ու նա ձեռքը մեկնեց, դարակից վերցրեց մի կապ ծխախոտ, սկսեց մեկմեկ դարսել կապոցների մեջ։ Մեկ էլ հավաքեց ծխախոտը, բարձրացավ վերևից ավելի աժանը և հասարակը վերցնելու։ Պատերազմի լուրը նրա վրա ևս շշմեցուցիչ տպավորություն էր արել։ Բայց այդ տևել էր միայն մի վայրկյան, ինչպես թեթև գլխապտույտ: Ու շատ հասարակ դասավորել էր այն բոլորը, որ բերելու էր պատերազմը