Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր զուռնա դհոլի աղմուկից։ Մի քանի հոգի մոտեցան տանուտերի ձիու սանձը բռնելու։ Խռնված բազմությունը ճեղքելով, նրան մոտեցավ պամոշնիկը։ Նրանց մոտ կանգնած մարդիկ լսեցին տանուտերի հարցը և Անտոնի պատասխանը՝ «սավսեմ հազիր ենք»։

Ինչպես երկու հոտ խառնվում են իրար, երբ մակաղելու են քշում, գիտես էլ վերի գյուղից եկած բազմությունն ու Կարմրաքարի փողոցներում սպասողները իրար անցան։ Մեկը փնտրում էր իր բարեկամի որդուն, մյուսը Կարմրաքար գալու առիթից օգտվելով խոսում էր խոտի գնի մասին, պատվեր տալիս Կարմրաքարի բարեկամին, երրորդն իր հեռավոր ազգականի տեսությանն էր վազել և շտապ պատմում էր, թե ովքեր են գնում իրենց գյուղից, ինչ են խոսում Զրիկում։ Անսովոր եռուզեռ էր, և հրապարակն ու նրան միացած փողոցները սևացել էին ձիավորից ու հետիոտն մարդկանցից, որոնց մի մասը ուղեկցելու էր մինչև քաղաք, մյուս մասը վերադառնալու էր Կարմրաքարից։

Պամոշնիկը մեկ տանուտերի հարցին էր պատասխանում, մեկ՝ գզիրին կամ առաջին հանդիպած կարմրաքարցուն ուղարկում ուշացողներին շտապեցնելու։ Տանուտերը, որի տեսքին առանձին փառահեղություն էր տալիս երիտասարդ ու կայտառ ձին, մանավանդ երբ անհամբերությունից փռնչացնում, ոտով գետինը դռփում և կարմրած ռունգներով օդը ծծում, սանձը կրծոտում,− տանուտերրը դիտում էր հավաքված բազմությանը, և ավելի հեռուն՝ կտուրների վրա խումբ-խումբ կանգնած հարս ու աղջիկներին։ Նրա վզից կախած պղնձե շղթան ու կլոր նշանը լրացնում էին տեսքի հանդիսավորությունը։ Գլխի թեթև շարժումով նա ընդունեց իր գյուղացիների բարևը, որոնցից մի մասը իրենց պարտքն էին համարում մոտենալ և լուռ սեղմել նրա ձեռքը։

− Բա ինչու՞ չես իջնում,− հարցրեց Մկրտումը,− զակուսկի կանեիր, մինչի հավաքվեին․․․

− Շնորհակալ եմ, Մկրտում․․․ Տեսնում ես էլի՜, գլուխս ինչքան է խառնված։ Ետ դառնալիս ղոնաղդ եմ։

Տեր Նորընծան հենվել էր եկեղեցու պատին։ Նա առավոտյան արարողությունը նոր էր ավարտել, ավելի ճիշտ համառոտել, որովհետև զուռնա դհոլի ձայնին եկեղեցում եղած ծերերն ու պառավները դուրս էին եկել, շտապել տները։ Քահանան նայում էր ապակյա աչքերով, նայում էր խռնված բազմությանը, ձիավորներին,− ինչպես գետափի չոր կոճղը սրընթաց հոսանքին։ Նրա կողքով շտապ անցնում էին մարդիկ, որոնցից ոմանք չէին նկատում նրան, ոմանք գլխով բարև էին տալիս։ Նա գիտեր, որ սպիտակ ձիուն նստածը տանուտերն է․․․ Ահա նրա հետ