Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Սանդուխտը հաշտվել էր վիճակին, անխոս էր մնում, եթե հարց տային, գլխի շարժումով էր պատասխան տալիս։ Թվում էր, թե ոչ միտք ունի և ոչ էլ ցանկություն, լիմոնի տրորված կճեպ է, անշունչ մի իր։ Ինքն իր մեջ էր ամփոփվել, հայրական տունն էլ չէր գնում։

Եվ հանկարծ զգաց, որ կրծքի տակ մի բան է շարժվում։ Վախեցավ, ձեռքը սրտին տարավ, հանգստացավ։ Թվաց, թե ջրի մի կում շարժվելով կորավ կրծքի տակ։ Մի քանի օրից հետո նորից շարժվեց, և մի կասկած սողաց այդ շարժումի հետ։

Սանդուխտը մայր պիտի դառնար։ Մարմինը լարում էր բոլոր մկանները, հավաքում բոլոր հյութերը, արագորեն զարգանալու և հարմարվելու նոր վիճակին։ Նա նմանվում էր խնձորենու մի ճյուղից կախված փոքրիկ խնձորի, որին արևը կարմիր գույն էր պարգևել, բայց նիհար ճյուղը հյութ չէր հասցրել, որ մեծանա, հասունանա։

Ջրի գնալիս՝ մանկամարդ մի ուրիշ հարս Սանդուխտին սովորեցրեց, թե ինչպես են վիժում։ Սանդուխտը նախ վախեցավ, բայց հետո, երբ կուժը տեղը դնելիս կռացավ ու նորից կրծքի տակ շարժվեց, մի վճռականություն եկավ վրան։

Կատարեց այնպես, ինչպես հարսն էր պատվիրել։ Սոված մնաց երկու օր, երրորդ օրը դեղին ծաղկի ջուր խմեց և երբ փորում անասելի ցավեր զգաց, շրթունքներն ու փոքրիկ բռունցքները ցավից սեղմելով, աննկատ վազեց գոմը, դուռը դրեց։ Ցավը թնդելիս պիտի քարով խփել փորին...

Երեկոյան նախիրը հանդից տուն եկավ։ Ղազախի Օհանը գոմի դուռը բաց արեց, հենց դռան մոտ արյուն տեսավ և հարսին՝ ուշաթափ ընկած։

Սանդուխտին տուն տարան։ Լուսադեմին արյան վերջին կաթիլի հետ թռավ և նրա շունչը։

Շահանը լաց եղավ, գերեզմանի մոտ էլ, տանն էի։

Այդ գիշեր նրա ծամերից մի փունջ սպիտակեց։

ԱՅՈՒ ՍԱՐԻ ԼԱՆՋԻՆ...

Առաջին աքլորականչի հետ զարթնում էր Պետին, տրեխները հագնում, տան առաջ հոսող առվակի ջրից մի երկու կից անում, երեսը լվանում, փափախով սրբում ու գեղի ծայրին կանգնում, որ կովերը դուրս անեն, ինքը սարը տանի պահելու։