Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/530

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գզիրը տեղեկացրեց, որ բոլորը ներկա են։ Վասիլը պատրաստ ծրարը հանձնեց։ Մկրտումը Գոդուն նշան արեց պարկը մոտեցնելու։

− Էդ ի՞նչ է, Մկրտում,− ժպտալով հարցրեց գզիրը։

− Հե՛չ, ասում եմ տղերքն ուրախ գնան,− ասաց և մի կապոց, որ վերև էր դրված, մեկնեց տանուտերին, երկրորդը՝ ուրյադնիկ Երշոյին, որ ձիու վրայից կռացել էր պարկի վրա, վիզը ձգել, ասես ուզում էր մինչև տակը տեսնել։

− Իմ հոգուս պարտքը՝ տեղ հասնելուց նաչալնիկին էս մասին ռապորտով հայտնեմ,− ասաց տանուտերը, մատներով կապոցը տնտղելով։

− Էհ, սա ի՞նչ է որ,− կեղծ համեստությամբ պատասխանեց Մկրտումը։

Գնացողները մեկ-մեկ մոտենում են, կապոցներն ստանում։ Խաչանը ստացած կապոցը դրեց փոքրիկի գրկին։ Դիլբարի Թևանը հենց տեղն ու տեղը բաց արեց մրգեղենը, զգուշությամբ լցրեց գրպանը ու թաշկինակը տնտղեց։

− Փեշքեշ ձիու ատամին չեն նայի, է՜յ,− ձայն տվավ մեկը։ Թևանը թաշկինակը ծալեց ու տեղավորեց պայուսակում։

− Ես էլ ասեմ առավոտ կանուխ դուքանը ինչի էր բաց,− ասաց Թելունց պառավը կողքին կանգնած մի կնոջ,− նա էլ ջան է չէ՜, ասենք մի քիչ չար նախանձ է...

− Հալբաթ նրա սիրտն էլ է մղկտում,− պատասխանեց կինը։ Եվ Մկրտումի ընծաների լուրը բերնե-բերան տարածվեց։

− Արզումա՛ն, է՜յ, մոտեցի՜,− կանչեց պամոշնիկը։ Մկրտումը վերջին կապոցը ձեռքին նայում էր նրան։

− Խազեինս կոտր կընկնի, լավ չի՛,− բարձրաձայն ասաց Արզումանը։ Տանուտերն ու Մկրտումը իրար երեսի նայեցին։ Պամոշնիկը նրան ինչ-որ բան ասաց։

− Դե լա՜վ, բարիշեցե՜ք... Բա էսօր էլ մարդ իրարից խռով մնա՜,− կանչեց տանուտերը։ Մկրտումը մի քայլ արեց։

− Վաշ բլաղարոդի, իմ առուն դրա աղբյուրից ջուր չի խմի՜...− ասաց Արզումանը և շրջվեց, բազմության մեջ Եգորին գտնելու։

Տանուտերը Անտոնին մի բան ասաց ու ձին շարժեց։ Ուրյադնիկն ու մնացած ձիավորները հետևեցին նրան։ Գզիրը սանձից բռնած բերեց Անտոնի ձին: