Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի անգամ էլ սաստեց շանը վերադառնալու... Երևում էին գյուղի ծայրի տները, եկեղեցին ասես փոսի մեջ էր։ Արզումանը ձեռքով արեց աղջկանը և վազեց ընկերներին հասնելու...

Բողարը մի քիչ էլ սպասեց, մինչև Արզումանը փոքրացավ սև կատվի չափ։ Ու շունը վերադարձավ։

ԶԵՅԹԱՅԻ ԱՎԵՐՈՒՄԸ
(Մի գլուխ «ԿԱՐՄՐԱՔԱՐ» վեպից)
1

Կեսգիշերին Զեյթայի դիրքերը լռեցին։

Քյուրդ Մուրոն շվարել էր։ Նրա հաշվով թշնամին պետք է ուժեղացներ դիմադրությունը, սպասվում էր և հարձակում։ Այնինչ թշնամին պատասխանեց լռությամբ։ Նրա «ատրյադը» երկու վիրավոր էր տվել, որից մեկը բառաչում էր ինչպես մորթվող անասունը, հայհոյում «մեռել, կենդան», հայհոյում ֆելդշեր Եղիշեին, խմբապետին, թշնամուն, աստծուն, անհայտ մարդկանց, հայհոյում էր կատաղած,− կարծես հայհոյանքը մեղմացնում էր ջարդված ազդրի վերքի մրմուռը։ Մյուսը Զրիկի ձիավորներից էր։ Նա ավելի ծանր էր վիրավորվել, և բարեկամները նրան կիսամեռ վիճակում գիշերը տարել էին գյուղը։ Գնդակը ջարդել էր մեջքի ողնաշարը։ Իսկ Մուրոն հայհոյել էր նրան.

− Հարիֆ, կռնակդ դարձրիր, հա՜... Հախն է քեզ, իմանսըզ...

Այն կողմի դիրքերը լռել էին, բայց այս կողմից՝ սարսափից և անքնությունից ջղայնացած զինվորները անկարգ կրակում էին։ Նրանք սողալով, ոմանք թփերի և քարերի հետևը թաքնվելով, կամաց-կամաց բարձրանում էին լեռը։ Կիսամթնում երևաց Բեղլու Վարդազարի սպիտակ ձին։ Երեք ձիավորի հետ նա սլացավ լեռան գագաթը: Սլացավ գոռալով, աղմկելով։

Թյուրդ Մուրոն խուլ մռնչաց, երբ կիսամթնում տեսավ ձին ու ձիավորը։ Եվ մռնչալով երեսը շրջեց։ Նա հիշեց խնջույքը, Բեղլու Վարդազարի ծանր խոսքը։ Հիմա էլ նա է գրավում դիրքերը։ Այդ միտքը ծանր մտրակի նման շառաչեց։ Եվ նա ցանկացավ, որ թշնամու դիրքերից կրակեն, ձին ու ձիավորը գլորվեն։ Բայց դիրքերը լուռ էին, ինչպես քարերը։ Սպիտակ ձիավորը լեռան գագաթին կանգնել էր ու հեռադիտակով նայում էր դեպի ներքև։

Բացվում էր գարնանամուտի առավոտը...