Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և հաղթողի իրավունքով պահանջում ու խլում էին ավարի թանկագինը: Գյուղի շրջակայքն ուղարկած հետախույզները տեղեկություն էին բերել, որ թշնամու հետքը չի երևում։ Նրանք ձյունի վրա տեսել էին նախիրի ոտնատեղ, բայց որովհետև ոտնատեղերի շատը ձյունով ծածկված էր, նրանք հավաստիացնում էին, որ Զեյթան գաղթել է երեք օր առաջ։

2

Քյուրդ Մուրոն նոր էր աչքը փակել, երբ Անդրսակից եկած ձիավորը նրան զարթնեցրեց և հայտնեց, որ պորուչիկ Կրասիլնիկովը շուտով պիտի գա, և որ նա կարգադրել է գյուղի չորս կողմը պոստեր դնելու, որպեսզի առանց «մեր գիտության» ոչինչ դուրս չտարվի։

− Հարիֆ, պոստը մարդ կա՞,− բղավեց խմբապետը։

− Սերոբը հոն է,− պատասխանեց մի ձայն։

− Է լա՜վ,− և մուշտակը նորից քաշեց գլուխը։

Իսկ նոր եկած ձիավորը իր քրտնած ձիու սանձը մեկնեց պահակին ու շտապեց դեպի տները։

Օրը կեսօր չէր եղել, իսկ Զեյթան մրջնոցի նման սևացել էր մարդկանց ու կանանց բազմությունից։ Ամեն կողմից թափվել էին։ Կարմրաքարից եկել էին Չոլախ Պուղանը, Մուքելի տղան, Սիմոնը... Պուղանը Ավան ամու հանձնարարությամբ եկել էր տեսնելու, թե ի՞նչ է կատարվում:

Նա աչքին չէր հավատում։ Երեկ առավոտ նա այս գյուղումն էր։ Այս պատին մի «կաճե» թրիք էր ծեփում։ Ահա դեռ մատների հետքը մնում է։ Այս ցախի մոտ ինքը խոսեց Թեմուրի հետ։ Ահա տաշեղների կտորները. Թեմուրը տաշում էր արորի սեպը։ Օրերը տաքանում են, վաղը մյուս օրը պիտի վար սկսվի։

Եվ նա զարմացած դռնեդուռ էր ընկնում, խառնվում բազմությանը և դժվարանում էր ճանաչել ծանոթ տները։ Նա մեկին հանդիմանեց, բայց մի ուրիշը հրեց նրան և մինչև ոտքի կկանգներ, երկու զինվոր հռհռալով անցան նրա կողքով։

− Թախ թոփա՞լն էլ թալնի եկած է...

Չոլախը բղավեց, որ ինքը թալանի չի եկել, բայց փլվող տան աղմուկը խլացրեց նրա ձայնը։ Նա կաղեկաղ իջավ Թեմուրի այգին։ Նոր տունկիների բողբոջները սևացել, ուռել էին։ Մի տեղ բացվել էին առաջին մուգ կանաչ տերևները։ Պատից քար էր ընկել. երևի անցել էին վրայով։ Չոլախը պատի քարերը բարձրացրեց, դրեց տեղը։