Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Զառի աքիր, շատ ես կթել, հեյվանը մեղք ա, ջան չունի,− ասում էր Պետին պառավ կնոջը, որ մի տուն լիքը մանուկներ ուներ և մի կով։

− Ճար չունեմ, Պետի,− ու տնքում էր Զառի բիբին, պառավ կովն առաջ արած։

Խնամողի աչքով էր Պետին նախիրին նայում։ Մի նայելուց իսկույն հասկանում էր, թե որ կովն է գիշերն անհանգիստ եղել, որն է շատ քաղցած։

Եվ երբ վերջի կովերը բերեին, մահակը ճոճում էր օդում ու զիլ կանչում.

− Հո՜, մարալ...

Պետին հնուց նախրապան էր։ Նա աչքը տավարի մեջ էր բացել։ Երբ երեխա էր, հորթերն էր պահում, իսկ հետո գեղի նախիրն էին տվել։

Ոչ ոք չուներ։ Դեռ հորթարած էր, երբ մայրը մեռավ, և Պետին մնաց կատարյալ որբ։ Գյուղն էր նրան պահում. մի օր մեկի տանը, մյուս օր մյուսի գոմում կամ մարագում քնում էր մինչև լուսաբաց և էլի վեր կենում նախիրը քշում։

Իր հայրական հին տունը խանգարվել էր, կտուրը խոնարհվել, գերանները օջախի ծխից սևացած կախվել էին, կտուրի հողն ու քարը թափել ներսում։ Վայրի կանեփը փարթամորեն աճում էր տան ավերակների վրա, և հարևանի հավերը քուջուջ անելուց հետո պառկում էին կանեփի շվաքում։

− Պետի՛, ա՛յ անժառանգ, բա ե՞րբ պիտի հորդ ամարաթը շինես,− հարցնում էին նրան։

Պետու ծաղկատար դեմքը ժպտում էր, հատ ընկած աչքը ծռում էր ու բերանը ձգում, ուսերը վեր քաշում։

− Սաղ գեղն իմ տունն ա,−կասեր, և մահակը էլի կճոճար օդում։

Երբ չուխան պատռում էր կամ տրեխի թելն էր կտրում, շալե շալվարի հին կարկատանները մաշվում ու մազոտ ազդրերը բաց անում,− Զառի աքիրն էր միշտ հանդիմանում, թե ինչու կնիկ չի առնում, հոր հանգած օջախը շենացնում։

− Պետի, փուչ մնացած, կարողությունդ ո՞վ ա ուտելու...

Հանդիմանում էր Զառի աքիրը և չորացած աղբյուրի ակունքի պես աչքերը կկոցում, բրդի թելը, ոսկրոտ մատները դողացնելով, ասեղի ականջով անցնում և կարկատում Պետոլ շալվարը շալի։

Գեղի հարսներն էլ էին ծիծաղում Պետու վրա, բայց նա նեղանալ չուներ։ Ժպտում էր, և ճերմակ ատամների շարքը փայլում էր մսոտ շուրթերի միջև։