Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/544

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ
(Հատվածներ անավարտ վեպից)
ԴԵՊԻ ԼՅԱՌՆ ՄԱՍԻՍ
Դեմը դաշտն էր անծայր, իսկ հեռվում - Մասիսը,

Լյառն այն վսեմ, որի ճանապարհով մի օր
Բարձրացել էր ինքը և սառցանիստ

Գեղեցկությամբ գերվել:
Ե. ՉԱՐԵՆՑ
1

Ընթրիքից հետո պրոֆեսորը երիտասարդին դիմելով, ասաց.

− Այժմ անցնենք մեր գործին, սիրելի դիակոնուս...[1]

Նրանք քաշվեցին պրոֆեսորի առանձնարանը։ «Գործը»− ծխելն էր և այն զվարճալի զրույցը, որ ծխելու հետ սկսում էր պրոֆեսոր Պարրոտը։ Բայց այս անգամ նա սենյակի դուռը ամուր փակեց և երբ ընկղմվեց վոլտերյան բազկաթոռի մեջ, չասաց, ինչպես միշտ, «Ծուխ է և ունայնություն աշխարհը, Սաադի,− եթե քեզ ճիշտ է թարգմանել իմ «Libing»-ը»: Նա վառեց պարսկական կեռասյա կոթով ծխամորճը։ Մոմը լուսավորում էր նրա դեմքի կեսը և երբ կապույտ ծուխը բարձրանում էր այդ լուսավոր կողմով, թվում էր, թե շարժվում էին նրա գանգուրները՝ ծխագույն և ծխի նման ոլորուն։

Երիտասարդը նստել էր մոմակալի մոտ, ձեռքին՝ ունելին, որ այն ժամանակ անբաժան էր մոմի ճրագից, որովհետև նրանով էին սարքում ճրագի պատրույգը։ Երբեմն ծխի միջից երիտասարդին էր նայում մի այրող աչք։ Դիակոնուսը հիշեց, որ այդ երեկո պրոֆեսորը տուն եկավ մտազբաղ և մռայլ։ Նա ամբողջ օրը եղել էր Դոմբերգի գագաթին՝ նոր աստղադիտարանում... Երբ տուն եկավ, նույնիսկ չգգվեց երեխաներին։ Երիտասարդը ծուխի մեջ որոնեց նրա աչքը։ Բայց աչքը փակ էր... Գուցե ցավում է մի տեղը։ Երիտասարդը կարեկցանքով նայեց այդ փոքրիկ

  1. Դիակոնուս − դպիր, սարկավագ։