Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/550

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Ջանավարի սիրտ կլինի կերած,− ասաց ակուռեցին, սեղմվելով Աբովյանին, որի հոգևոր կոչումը նրան հավատ էր ներշնչում, թե գուցե աստծուն ընդունելի է այդ վերելքը և ուրեմն այն կյանքում նրան կարմրած շամփուրներով չեն խարանի, ինչպես սպառնում էր վանահայրը:

Լուռ էին։ Խարույկը հանգչում էր։ Ինքը ձեռքերը պահել էր տաք մոխրակույտի վրա... Այն ի՞նչ էր փշրվեց և զարհուրելի դղրդոցով գլորվեց անդունդը, սառցակու՞յտ էր, քարաժա՞յռ, թե՞ լեռան կատարը ցնցվեց։ Լսում են. կարծես ծղրտում են ձորում, հավար են կանչում՝ ահե՜...հե... և արձագանքը դղորդ դրնգում է ձորի քարանձավներում, քրքջում են, ծիծաղում են, ծափ են տալիս և նույնիսկ պարզ լսվում է սուրմաների զրնգոց, ղազմայի արծաթների ձայն։ Իսկ հիմա վշշում է, ինչ-որ մոտիկ տեղ սառցաջուր է կաթում՝ զրը՜նգ, զրը՜նգ, կարծես կաթիլներն ընկնում են պղնձե կումի մեջ։ Սահակի ականջները վշշում են. նա գետին է խոնարհում ականջը։ Պրոֆեսորը դիակոնուսին հարցնում է, թե ինչու՞ է այդպես անում «Իսահակը...»։

− Նրան թվում է, թե ժայռերի տակով ջուր է գնում...

Հանկարծ դարձյալ ահագին աղմուկ։ Էլի փլվեց մի բան։ Քամին բերում է ձյունավազի հատիկներ։

− Բարձրանանք, պարոններ, արդեն լուսաբացը մոտ է,− ասում է պրոֆեսորը։ Նա նորից է չափում։ Սահակը զարմացած նայում է ծանրաչափին։ «Ի՞նչ տեսակ մարդիկ են էս նեմեցները... Նրանք էլ խաչապաշտ են... փառք քեզ աստված, փառք քեզ»։ Ապա Սահակը գոտիկից հանում է կացինը և սկսում է սառույցի վրա ոտնատեղ փորել, առնում են ձեռնափայտերը և սկսվում է վերջին վերելքը։

Քամին վրա է հասնում և ի սփյուռս աշխարհի ցրում մոխիրն առաջին կրակի, որ վառել էին նրանք մարդու ձայն չլսած բարձունքում։

Բարձրանում են։ Լուսադեմի խավարն է՝ Ադամա մութը, այն ժամը, երբ թանձր խավարից ճառագում է լույսը։ Աստղերը գունատվում են։ Խորունկ երկնքում դեռ վառ են մի քանի սպիտակ աստղեր։ Նրանք ավելի մեծ են, ավելի ջինջ... Ահա լուսաստղը... Կապույտ սառույցների մեջ ցոլանում է աստղերի սպիտակ դեղնավուն լույսը։ Թվում է, թե ոտքերի տակ ոչինչ կարծր բան չկա և բարձրանում են՝ կոխելով սառած ամպերը, բարձրանում են դեպի անհունը, ուր կան միայն աստղեր։

Նա սկսեց տրորել քունքերը։ Հոգնել է. քնելու ժամը վաղուց է անցել, բայց այս գիշեր քունը հեռացել է։ Սառնություն է զգում։ Կարծես