Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/551

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոգու մեջ է ցուրտ լռությունը՝ անեզր, անպարփակ, ինչպես այն լուսադեմին։

Մի ինչ-որ թերթ է ընկած տետրի արանքում... Ինքն է գրել. ահա պահել է ճրագի վրա և նույնիսկ մի տեղ թուղթը դեղնել է...

«Ի հանդարտասյուգ մարմանդս հողմաբեր մեղմիկ զեփյուռին:
«Դիմեցի երբեմն զբոսնուլ ի ծոց Մասսյաց սուրբ լերին...
«Ու՞ր ես առավոտ, քաղցր արշալույս, արև գերարփին...»։

Արևելքում ամպերը շարժվում են։ Ահա մեկը ձգվում է ինչպես հազարամյա կաղնի, երկու սև ամպ կանգնել են դիմաց-դիմաց, գոյացնելով ամպեղեն կիրճ։ Ավելի խորունկ՝ գանգուրների նման ամպեր են, կարծես սպիտակ ոչխարներ են մակաղել։ Բայց ահա մոխրագույն են դառնում ամպերը, կապտում են. նրանք նման են միսկարների պղնձին։ Ահա ամպերի սև կիրճի մեջ շողաց առաջին ճառագայթը և ինչպես կաս-կարմիր անիվ գլորվելով գալիս է արևը, շողում է կատարը, ինչպես պղնձյա վահան և ցոլքերի մեջ անէանում են աստղերը։

Ինչ ահավոր վայրկյան է, ինչ խորհրդավոր ժամ... Ամբողջ դաշտը խավարի մեջ է. ինչպես կապույտ վրան երևում է Արագածի գագաթը և ուրիշ ոչինչ չի երևում՝ բացի արևի գունդը և Արարատի սկավառակը:

− Ահա կատարը,− բղավեց Պարրոտը։

Արև է, անդորր, սառույցներ, լռություն, սպիտակ լռություն: Նա փակել է աչքերը և դեռ չի նայում, չի ուզում նայել, դեռ դողում է սիրտը հուզմունքից և հոգնությունից դողում են ոտքերը։ Ապա հանկարծ ետ է քաշում ձեռքը, տեսնում է արևով ողողված սառցադաշտը, վազում է խելագարի նման թևերը պարզած, վազում է դեպի արևի կարմիր գունդը, դեպի սառցաժայռերը։ Ապա փռվում է գետին, համբուրում է գետինը, ինչպես ուխտավոր համբուրում է հայոց լեռան նախաստեղծ կտտարը...

Նա ժպտաց։ Վերհիշեց այն վայրկյանը, երբ ինքնամոռացության մեջ գրկեց ակուռեցուն, ապա փաթաթվեց Պարրոտի վզով։

Գերմանացին ասաց.

− Զգույշ. ծանրաչափը կջարդեք։

Իսկ ակուռեցին, որ բերանը բաց նայում էր սառցադաշտին, ահ ու ղողով հարցրեց.

− Հայր սարկավագ, բա ու՞ր ա տապանը...

Նրանք իրար նայեցին խոր, շատ խոր։

− Տապանը չի՛ եղել,− պատասխանեց վանքի դպիրը։