Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միայն կուրատորի վերոհիշյալ դուստրը պատմել է, որ անհայտ ոմն է համալսարանի ուսանող Ֆրիդրիխ անունով, բայց ինչպես է ազգանունը՝ չի հիշում։ Մեր մտադրությունը՝ հարցաքննել համալսարանի 23 Ֆրիդրիխ անունով ուսանողներին, նաև 24-րդին, որի անունը Ֆրիդրիխ չէր, այլ Ֆրեդերիքս,− չի բաժանում ժանդարմական գնդապետ Դոնցովը, որը հակառակ բոլոր իրական ապացույցներին, այդ պատմությունը համարում է հետևանք կանանց ջղերի արտակարգ գրգռվածության և զգայականության, իսկ անհայտ ոմնին՝ աննյութեղեն տեսիլք, որը երևացել է կուրատորի դստեր աչքին։

«Լինելով անհանգիստ բարքի տեր և ունենալով ազատ ժամանակ,– նրանք դյուրաբորբոք են պարապությունից։ Բավական է մեկը մյուսին անվանի «dummer Junge» և ահա պատրաստ են էսպադոնով մենամարտելու։ Իսկ եթե անվանեց «Hundsfott», այն ժամանակ էսպադոնին փոխարինում է պիստոլետը, որ շատերն ունեն և մինչև անգամ կան այնպիսիները, որոնց բնակարանը բոլոր տեսակի զենքերի արսենալ է։ Շատերի դեմքը պատած է սպիներով, նաև ծեփոնով, որ հետևանք է սուսերի կամ հրազենի հարվածի։ Դժբախտաբար տնատերերը վախենալով ուսանողների բանադրանքից, չեն հայտնում թե զենքերի և թե տեղի ունեցող մենամարտերի մասին։

«Վերոգրյալն առաջանում է նաև այն պատճառով, որ պարոն պրոֆեսորները փոխանակ նրանց առաջնորդելու գիտության ճշմարիտ ճանապարհով, ոչ միայն թերանում են իրենց պարտականությունների մեջ և չեն ներշնչում բարոյական դաստիարակության ոգի, այլև նույնիսկ ոմանք հրահրում են իրենց սաների բնավորության հոռի կողմերը և իրենք են հանդիսանում վատ օրինակ, ինչպես հանգուցյալ ռեկտոր Էվերսը, որը չնայած զառամյալ հասակին, սուսերամարտի դահլիճում մասնակցում էր վարժություններին, երիտասարդներին անընդհատ խրախուսելով սուսերը պատյան չդնել, մինչև այն չներկվի ախոյանի արյունով։

«Երկրորդ պատճառը մեր հրամանատարության ներքո եղող ոստիկանական մասի խիստ սակավաթիվ լինելն է և վատ սպառազինումը, որի մասին անցյալ տարվա հուլիսի 7-ի № 2206 ռապորտով պատիվ ենք ունեցել զեկուցելու ձեզ։ Ձիերը չեն ստանում հարկավոր ապուր, նրանց արտաքին տեսքն այնքան խղճալի է, որ երբ ձիավարժության ենք գնում մանեժի դաշտը, մեզ վրա ծիծաղում են ոչ միայն ուսանողները, այլև մնացած ամբոխը։ Նույնը կարելի է ասել ձիասարքի, նաև ձիավորների մասին, որոնց մեծ մասին վաղուց պետք էր քշել տները, որպեսզի նրանք