Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/561

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որպեսզի օձիքն ազատի նպարավաճառներից, որոնք երկյուղելով, բայց այնուամենայնիվ «պարոն ուսանողին» հիշեցնում են նրա պարտքը. ուր որ է պիտի հայտնվի սպասավորը և երկու շաբաթ «տղան» պիտի լսի այն դողդոջ ձայնը, որ նրան հիշեցնում է հայրենիքը և մանկությունը: Այդ ձայնը նրան պիտի պատմի այն ամենը, ինչ որ տանը պատահել է և որի մասին նրան չէին գրել, որովհետև իշխանը, ավելի ճիշտ սենեկապետը՝ իշխանի անունից տարին երեք նամակ էր ուղարկում, երեք շնորհավորումն՝ Քրիստոսի ծննդյան, որդու անվանակոչության և դարձյալ Քրիստոսի հարության տոնի։

Աստվածաբանության ապագա բակալավրը երկու շաբաթ լսում էր այն մասին, որ Տուբո շունը իսպառ կուրացել է և այլևս որսի չեն տանում, որ անցյալ ձմեռ իշխանուհու տաղավարում գայլերը հոշոտել են Մենտորի քուռակը և դրա համար էլ իշխանուհին այլևս չի գնում տաղավար, որ այժմ հայրը ապրում է այն փոքրիկ սենյակում, ուր մի ժամանակ ապրում էր m-lle Annette-ն, որ... Բայց մի՞թե հնարավոր է կրկնել այն բոլորը, ինչ պատմում էր ծեր ունի և շատախոս սպասավորը երբեմնի տղային, որին նա հանձնել էր հոր ուղարկած տարեկան ռոճիկը և մոր ծածուկ նվերը, և երիտասարդն արդեն վճարել էր իր բոլոր պարտքերը և նույնիսկ ֆրաու Ֆոգելզանգն էր ստացել իր բաժինը, պարոն աստվածաբանից հարցնելով նրա ծնողների առողջությունը, նաև թե չե՞ն ուղարկել լորենու մեղր, որ այնքան սիրում է ֆրաու Ֆոգելզանգը,− արդեն ամբողջ քաղաքում հայտնի էր դորմեզի գալուստը և ծերունի սպասավորը հրեա կոշկակարի մոտ էր տարել «տղայի» մաշված կոշիկները և նրանից ծածուկ հարցրել էր իր պարոնի մասին, թե արդյոք նա չունի՞ մի հարսնացու, արդյոք դեպք չի՞ եղել, որ կոշկակարը նրա պարոնի պատվերով պատրաստի նաև կանացի կոշիկներ: Եվ ստացել էր նույն պատասխանը, ինչ որ անցյալ տարի. «Պարոն ուսանողը բարքով առաքինի է, խոհեմ և չի պատահել այդպիսի դեպք, այլ պատահել է, որ ինքը կարկատել է նրա այնպես մաշված կոշիկը, որ նույնիսկ ամոթ է ասել, թե ինչպես մաշված կոշիկ... Իսկ կանացի կոշիկ կամ այդ սեռի համար կոշիկ ինքը չի կարել և աստված մի արասցե, որ դեպք պատահի, որովհետև...»։ Սպասավորն ու հրեա կոշկակարը հին ամուրիներ էին և իրար երեսի նայելով, հասկանում էին, թե ինչ ասել է «որովհետև»...

Արդեն «հավիտենական շտուդենտին» ձանձրացնում էր ներկայությունն իր հին բարեկամի, որը ծերունու նվազած հիշողությամբ երկրորդ