Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/565

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
3

Ֆրաու Ֆոգելզանգի պանդոկը, որի մասին հիշատակում է պոլիցեյմեյստեր Կրուչինսկին, գտնվում էր Ռևելշտրասսեի վրա։ Պանդոկն զբաղեցնում էր ներքնահարկը մի խարխուլ տան, որի վերին հարկում ապրում էին նախկին ծովագնացներ, որոնք իրենց կյանքի արևմուտն անց էին կացնում ձկնորսությամբ և նավարկությամբ Էմբախ գետի վրա։ Գետը հոսում էր պանդոկի կողքով և այն ժամանակ, երբ նավարարները կամ տանն էին, կամ պանդոկի ներքնահարկում, նրանց նավակներն օրորվում էին՝ կապված այդ հին տան պատերից։

Տունը թեև հին էր և նշմարվում էին այն ճեղքերը, որտեղից արդեն սկսվել էր շենքի մահը,− բայց գեղեցիկ էր, մանավանդ վերջալույսին, երբ Շլոսբերգի բլրակների վրայից արևը ոսկեզօծում էր գետը։ Արևի տակ մուգ-կարմիր փայլում էին մաշված աղյուսները, իսկ պատուհանների պղտոր ապակիների մեջ արևն այնպես էր ցոլանում, որ կարծես ներսը վառել էին պղնձյա կանթեղներ։ Այդ ժամերին ֆրաու Ֆոգելզանգը սիրում էր ասել, որ տունը երբեմն եղել է Ստեֆան Բատորիի դղյակը, որի զինանոցը իբրև թե գտնվում էր ներքնահարկում, ուր տեղավորված էր նրա նշանավոր պանդոկը։

Հազիվ թե ճշմարիտ էր պանդոկի տիրուհին, դրսից դեռևս երևում էր մի անհայտ նկարչի գործ, որով զարդարված էր պանդոկի դռան ճակատը. մի թռչուն՝ նման անտառաբնակ բուի, քաշում էր զանգակի պարանը, մագիլների մեջ պահելով մի երիզ, որի վրա գրված էր էպիկուրյանների վաղեմի խոսքը՝ dum vivimus, vivamus: Հազիվ թե ճշմարիտ էր ֆրաու Ֆոգելզանգը, հավանորեն տունը կառուցված էր իբրև օթևան այն վաղեմի առևտրականների, որոնք արևելքից ուղևորվում էին դեպի Ռևել։

Դորպատում այդ պանդոկից ավելի նշանավոր էր ինքը՝ ֆրաու Ֆոգելզանգը։ Նույնիսկ դժվար է ասել, թե արդյոք այդքան անվանի կլիներ պանդոկը, եթե նրա տիրուհին չլիներ ֆրաու Ֆոգելզանգը, որը ոչ միայն գարեջուր և մեղրագինի էր վաճառում Մայր ճեմարանի սաներին, այլ հենց ինքն էր մի գթառատ մայր, մի մեծ մայր, որի գրկի մեջ սնվում և զվարճանում էր անհոգ երիտասարդությունը։ Նա գիտեր բոլոր ուսանողներին՝ նրանց բնակարանը, քանի որ ֆրաու Ֆոգելզանգն էր նրանց համար բնակարան վարձում և նրա միջնորդությունն էին հայցում տնատերերը, երբ կենվորն ուշացնում էր բնակարանի վարձը և կամ այնպիսի խռովահույզ կյանք էր վարում, որ տանտերերը