Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/568

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գավաթ գարեջուր, քաշվում էր անկյունը և բարոյախոսության գրքի իմաստությունները համեմում էր Մյունխենի գարեջրով։ Հետո ներս էր մտնում մի ուրիշ աստվածաբան, որը միայն ողջունում էր ֆրաու Ֆոգելզանգին և այլևս չէր լսում նավավարներին և ոչ էլ կատակում էր սպասավորուհու հետ,− որովհետև պանդոկի խորքում նա նկատել էր միայնակ նստած ընկերոջը։ Նրանք երամի առաջիններն էին, որոնց հաջորդում էին ուրիշները՝ փոքրիկ խմբերով և կարճ ժամանակից հետո պանդոկը լցվում էր երիտասարդ մարդկանցով, որոնցից անհամարները արդեն հանում էին գրատները, ոմանք կանաչ մահուդի սյուրտուկները, ոմանք շլացնում էին գույնզգույն ժիլետով և մշուշի մեջ ցոլում էին կարճ սուսերներ,− և բոլորը զվարճանում էին ինչպես այն դարում գիտեին զվարճանալ երիտասարդ մարդիկ, որոնք ինքնագլուխ էին, հոգսը դեռ չէր ծանրացել նրանց ուսերի վրա և որոնց առաջին դասը եղել էր այն, ինչ որ անհայտ նկարիչը գրել էր պանդոկի ճակատին՝ «Քանի ողջ ենք, պիտի ապրենք»։

Այդպիսի մի կիրակի, երբ խրախճանքը նոր էր բորբոքվել և դեռ մի սեղանի շուրջ վիճում էին այն մասին, թե ռուսներին կհաջողվի՞ գրավել Վիսլայի կամուրջը, և գտնում էին, որ երբ լեհացիները չդիմադրեն, ֆելդմարշալ Դիբիչը կարող է գրավել և՛ Վիսլայի կամուրջը, և՛ Վարշավան, մյուս սեղանի շուրջ խոսում էին ասիական խոլերի մասին և կարծիք էին հայտնում, որ այդ ժանտամահը իցիվ թե հասնի մինչև Դորպատ, քանի որ, ինչպես ասել էր պրոֆեսոր Շիմանը, Յուտլանդիայի հողից բարձրանում է այնպիսի շունչ, որի մեջ կխեղդվի հնդախտը. երրորդ սեղանի շուրջը ոչ վիճում էին Վիսլայի կամուրջի և ոչ ասիական խոլերի մասին, այլ պատրաստվում էին «գինեմարտելու». սեղանի երկու ծայրում կապույտ բոցով արդեն վառվում էր մեղրագինու փունջը, սեկունդանտները ստուգել էին այրվող փունջի համը. մեկ, երկու և երրորդ նշանին կողմերը պիտի մինչև վերջ խմեին գավաթները,– երբ հանկարծ դոներն աղմկեցին և դռների մեջ երևաց սև թիկնոցով մի մարդ։

Պանդոկը թնդաց աղաղակներից։ Ուսանողներից մեկը, որ արդեն օրորվում էր և առաջին թեկնածուն էր լողալու մոռացության գետով, գավաթը ձեռքին կանչեց.

«Մահվան դատապարտվածները ողջունում են արքային»։

«Արքան» Թոմաս Բրյուլլն էր, «սև եղբայրների» ավագը։ Նա մի պահ ևս նայեց և իջավ սանդուղքով։ Նրա հետևից ներս մտան չորս հոգի, որոնք առաջինի նման ունեին սև թիկնոց, գլուխներին՝ գերմանական