Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/569

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բերետներ և ցածր ճտքով սապոգներ, որ պարուրում էին նեղ տաբատի եզրը։

Թոմաս Բրյուլլը ողջունեց, բարձրացնելով աջ բազուկը։ Մի քանի «ֆուքս» մի անգամից ոտքի կանգնեցին, նրան աոաջարկելով իրենց աթոռները։ «Սև եղբայրների» ավագը մոտեցավ մի բազմամարդ սեղանի, մյուսներն էլ միացրին սեղանները և ստացվեց այնպիսի մի սեղան, որի ծայրը չէր երևում ծխի մեջ։

Թոմասն իրար հետևից դատարկեց երկու գավաթ մեղրագինի։

− Աղբյուրներն անգամ ծարավ են, Թոմաս,− կանչեց նա, որ առաջինն էր նրան ողջունել։ Մյուսները ծիծաղեցին, որովհետև այդ ուսանողը Թոմասին հիշեցրեց հենց նրա խոսքը, որ խրախճանքի բորբոքված ժամին կրկնում էր Թոմաս Բրյուլլը և այդ խոսքերից հետո բերում էին նոր շշեր։

Թոմասն այս անգամ խոր նայեց երիտասարդին, որի երեսը վառվում էր բաց կարմիրով և որի աչքերի մեջ կար երեխայական ժպիտ ե դեմքն ուներ մանկական մի գրավչություն։

Թոմաս Բրյուլլը գլուխը խոնարհեց։

− Մեր Թոմասն ինչ-որ ուրիշ է այսօր...

− Չլինի՞ բան է պատահել և մեզ չի ասում։

− Նրա հետ վերջերս լինում է մի ինչ-որ դանակ սրող...

− Ես նրան տեսել եմ։ Նա ապրում է հին զորանոցի մոտ։

− Իսկ ես Թոմասին երեկ տեսա հենց այն կողմերում։

Սեղանի շուրջ այդպես էին խոսում նրանք, որոնք դեռ գինով չէին։ Իսկ որոնք գինով էին, ուրախանալով «սև եղբայրների» ներկայությունից, արդեն բաց էին թողել սանձերը և խմում էին, շփոթելով գավաթները, գինին և գարեջուրը։ Սեղանի մի կողմը, ինչպես առաջին որոտ, հնչեց երգը՝ «Caudeamus igitus» և հետզհետե ծավալվելով մեջ առավ բոլորին և վերջին բառերը՝ «nos habebit humus»− այնպիսի ուժգին դղրդացին, որ ֆրաու Ֆոգելզանգին թվաց, թե գավաթները փշրվեցին։

− Հըմմ... ամեն ինչ հող կդառնա,− լռության մեջ ասաց Թոմասը, թարգմանելով երգի վերջը։

Նա ոտքի կանգնեց։

− Burschen,− և բոլորը լռեցին։ Թոմասը գլուխը թափահարեց և մազերը ծփացին ուսերի վրա։− Ես ձեզ հիմա այնպիսի խոսք կասեմ, որ երբեք չեմ ասել։ Ես ձեր եղբայրն եմ և եթե սեղանի շուրջը նստած են հայրենակիցներ, որոնց նոր ենք մկրտել, բայց և նստած են ընկերներ, որոնց հետ շատ տարիներ զվարճացել ենք և դժվար փորձություններից