Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի կմախք կար ցցված։ Պետին մոտենում էր, նայում և որոշում, թե այդ այն ոչխարն էր, որ ձմեռը գայլը գյուղից տարավ։

Օրերն ավելի էին տաքանում, կանաչը բոյ էր քաշում, բացվում էին ծաղիկները՝ կապույտ, դեղին, կարմիր, հազար բզեզ ու թիթեռ էին թռչում, մասուրի թփերի վրա ծիտն էր բույն հյուսում, և նախիրը փնչոցով արածում էր խոտը համեղ։

Պետու համար գարունը երջանիկ օրեր էր բերում։ Տարիներ շարունակ նույն հանդում ու սարում տավար պահելով նա այնքան էր վարժ խոտին ու ծաղկին, որ անսխալ կարող էր ասել, թե որ ծաղիկն է կանուխ բացվում, որ խոտն է ցավի դեղ։

Երբեմն երբ նրա աչքին էր ընկնում մի շքեղ բզեզ կամ թիթեռ գունավոր թևերով, կամ դիտում էր, թե ինչպես են մրջյունները աշխատում հերվա բույնը սարքելու,− Պետին գլուխը երերում էր և ինքն իրեն խոսում.

− Փառքդ շա՜տ, ա՛յ աստված, որ էսպես հրաշք բաներ ես ստեղծել...

* * *

Մի ամառ էլ տավարի մեջ ցավ երևաց։ Ագին ծաղիկ մի կով առավոտ նախիրը քշելիս միշտ ետանում էր մյուսներից, կանգնում ճամփի կիսին, թնչում։ Պետին զայրացավ, մահակով մի անգամ խփեց, բայց մինչև սարի տակը կովը չկարողացավ գնալ։

Պետին տեսավ, թե ինչպես կովի ոտքերը դողացին, չոքեց փնչոցով և էլ վեր չկացավ։ Քթածակերից արնախառն թարախ էր գալիս, փորն ուռել էր, և հիվանդ կովը, որի ջուխտ աչքերում մի կսկիծ կար, նայում էր Պետուն։

Պետին շիվարել էր։

− Ի՞նչ եղավ սրան, յոնջա տված չլինե՞ն...

Դանակը հանեց, որ արյուն առնի, ականջի ծայրերից պատռեց մի քիչ։ Կովը ցավից գլուխը ձգեց, փորձեց կանգնել, բայց ոտքերը դողացին։ Տաք արյան շիթերը ցալքուն տվին կանաչի վրա, բայց հետո արյունը լերդացավ, իսկ կովը չլավացավ։

Պետին գնաց, որ ջուր խմի մոտակա աղբյուրից, ցրված նախիրը հավաքի ձորի մոտ։ Եվ երբ վերադարձավ, կովն արդեն սատկել էր։ Արնախառն թարախը քթից թափվել էր, լեզուն կապտել, սառել ատամների արանքում, փորն էլ ուռել էր՝ ձգված թմբուկի պես։