Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/570

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ենք անցել։ Մենք բոլորս եղբայրներ ենք, մի մոր հարազատ սաներ... Բայց ահա լսեցեք, թե ես ի՞նչ եմ մտածել և ասեք ճշմարիտ եմ, թե՞ սուտ են իմ խոսքերը։ Իսկ ես այն եմ ասում, որ մենք բոլորս սխալ ճանապարհի վրա ենք...

Եվ շունչը պահեց մի րոպե, սուր աչքերով նայեց բոլորի աչքերին և այնտեղ կարդաց և՛ տարակուսանք, և՛ հետաքրքրություն, և՛ զարմանք, նաև ոչինչ չկարդաց, որովհետև կային գինու ոգուց թմրած աչքեր, որոնք արդեն ննջում էին։

− Իսկ ինչո՞վ ենք սխալ ճանապարհի վրա։ Որովհետև մենք մեր օրերն անց ենք կացնում գինարբուքով, երբեմն սուսերամարտում ենք, երբեմն արշավում ենք ձիերով, երբեմն աստվածաբանություն ենք սովորում և այսպես կորչում է մեր երիտասարդությունը, մեր ժամանակը և կորչում ենք մենք։ Մեզ հարկավոր չի այդպիսի կյանք։

− Ինչպե՞ս։ Ուրեմն այլևս չզվարճանա՞նք, գինի չխմե՞նք։

− Ուրեմն դառնանք ճգնավորներ և չունենանք սիրելի կին։

− Իսկ աստվածաբանության մասին լավ ասացիր։ Շատ լավ ասացիր։ Բոլորովին ավելորդ տեղը կորցնում ենք մեր ժամանակը։ Իսկ զվարճության մասին՝ սխալ ես,− և Օտտոկար Դրիշը, որ ամենահին ուսանողն էր և որի մազերը ճերմակել էին անքուն գիշերներից, որ նա անց էր կացրել գինի խմելով, այդ խոսքն ասաց ու մոտ քաշեց գավաթը, երկյուղելով, որ Թոմաս Բրյուլլի խոսքերից ոգևորված հանկարծ կջարդեն գավաթները և շշերը կջարդեն, կջարդեն նաև պնակները և ամեն ինչ կջարդեն և կերդվեն այլևս չխմել ոչ գարեջուր, ոչ մեղրագինի և ոչ այլ տեսակ գինի։

− Լսեք իմ խոսքը։ Դեռևս բոլորը չեմ ասել։ Ես չեմ ասում, որ այլևս չխմենք և չմենամարտենք էսպադոնով կամ պիստոլետով և կամ այլ զենքով, եթե լինի թշնամի, որ անարգել է մեզ, մեր կորպորացիային և կամ որևէ ծանր խոսք է ասել մեր հոգևոր մոր մասին։ Նաև չեմ ասում, թե այլևս մի գրկեք ձեր սիրուհիներին, նրանց համար կիթառ մի նվագեք և մի պարեք պարահանդեսներում։

− Հիմա որ միանգամայն ճշմարիտ ես, Թոմաս,– և Օտտոկարը բարձրացրեց գավաթը,− ողջ լինես։

Մյուսները ևս բարձրացրին գավաթները։

− Դեռ սպասեք, սիրելի բարեկամներ։ Թողեք, որ խոսքս վերջացնեմ և այն ժամանակ դատեք, որ դատաստանով կուզեք։

− Թողե՛ք վերջացնի, թողե՛ք...

− Շարունակիր, Թոմաս,– կանչեց «սև եղբայրներից» մեկը։