Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/572

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ջրաղացպանը, որ վախեցած վեր է թռչում, երբ այլևս չի լսվում ո՛չ ջրի շառաչը, ո՛չ քարի աղմուկը։ Ֆրաու Ֆոգելզանգը զարթնեց և ամրացրեց տակառի ծորակը, որից մեղրագինին կաթ-կաթ ընկնում էր պղնձե փարչի մեջ։ Ապա զարմացած նայեց ուսանողներին և նույնիսկ վեր կացավ, որ մոտենա նրանց, մոտենա և հարցնի, թե ինչու՞ են խոնարհել գլուխները և ինչու՞ են լուռ ծխում ծխամորճերը և այլևս չեն հնչում այն զվարթ երգերը, որոնց շառաչի տակ ննջում էր ֆրաու Ֆոգելզանգը։

− Իսկ մենք ի՞նչ անենք, Թոմաս...

Բայց ոչինչ չկարողացավ ասել Թոմասը, իսկ մյուսները լուռ մտածմունքի մեջ էին, ոմանք իրենց մտքում արդեն մի բան էին վճռել և մռայլ նայում էին սառչող մեղրագինուն, երբ դռների մոտ լսվեց մի աղաղակ.

− Burschen, heraus,– և ներս ընկավ մեկը, որ ո՛չ գդակ ուներ, ո՛չ թիկնոց, և որի ձեռքից արյուն էր կաթում և արյունոտ էր ճակատը և չէր իմացվում ճակատին ևս վերք կար, թե նա արյունոտ ձեռքով սրբել է ճակատը։

− Արշինավորները մերոնց ջարդում են Քարե կամրջի մոտ...

Ինչպես վագրը, որ ոստյունից առաջ պահում է շունչը և փակչում գետնին, ապա ամեհի թափով թռչում է որսի վրա և ահից գոչում է այնպես, որ սարսափում են մյուս գազանները հեռու հեռուներում,− այնպես էլ «ձեղունահարկի բնակիչները» նախ ահաբեկվեցին այդ գույժից և գունատվեցին, ապա կատաղությունից այնպես մռնչացին, որ դղրդացին հին կամարները և հաջորդ վայրկյանին այլևս ոչ ոք չմնաց պանդոկում և միայն վայր ընկած աթոռները և մի քանի լիքը գավաթներ վկա էին, որ այստեղ խրախճանք կար, և անակնկալ պատահարից դուրս էին թռել զվարճացողները, որոնք ուր որ է պիտի ետ վերադառնան, և այն միայնակ թիկնոցը, որ դեռ պահում է տիրոջ մարմնի ջերմությունը, նորից պիտի հանգչի նրա երիտասարդ ուսերին։

5

Իսկ Քարե կամուրջի մոտ կանոնավոր ճակատամարտ էր։

Օրը կիրակի էր և զբոսնելու էին դուրս եկել ոչ միայն «ակադեմիական քաղաքացիները», այլև մյուս քաղաքացիները, որոնց մի խումբ, մեծ մասամբ ռուս վաճառականներ, հարբած վիճակում, կամուրջից ոչ հեռու, հանդիպել էին չորս ուսանողի և ոչ միայն կտրել էին ամբողջ մայթը, փակելով երթևեկությունը, այլև նրանցից մեկն ուսանող Ստեփան Գյունտերին