Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/573

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մայթից հրել էր և անվանել «լեհական մռութ»։ Եվ այդ կայծից բռնկվել էր հրդեհը, և արդեն վաղուց Ստեֆան Գյունտերին, որ առաջինը քաշեց սուսերը, ընկերները տարել էին տուն արյունլվա վիճակում, արդեն հարբած բառաչում էր այն ռուս վաճառականը, որի աչքերի առաջ երբեմն մթնում էր, երբեմն լուսանում, և նա տեսնում էր անկապ պատկերներ և զգում, որ իրենը չէին ո՛չ ոտքերը, ո՛չ ձեռքերը։ Հարբած բառաչում էր այդ վաճառականը, որի ընկերները ծանր բռունցքով դիմավորել էին առաջին ուսանողներին, որոնք օգնության էին հասել զբոսավայրերից՝ թողնելով կիթառները և աղջիկներին։

Վաճառականներն ևս օգնություն ստացան, գետի մյուս ափից մի ահագին բազմություն՝ կոշկակարների, ներկարարների, կաշեգործների, օղետան սպասավորների և ինվալիդ զինվորների, որոնք օղետներումն էին,− մի ահագին բազմություն՝ «ուղղափառներ, մերոնց ծեծում են» բղավելով, վազեցին դեպի կամուրջը՝ ցախավելներով, երկար ցուպերով և նույնիսկ մի պայտար վերցրեց այն պարանը, որով նա կապում էր անհանգիստ ձիու մռութը,− սակայն, տեսնելով ուսանողների խմբերը, որ հենց այդ րոպեին զանազան փողոցներով վազում էին դեպի քարե կամուրջը,− տեսնելով այդ, պայտարը պարանով կապեց մի ռուս մահուդավաճառի, որին ընկերները դրել էին դրոգի վրա, նրան մի կերպ ազատելով ոտնակոխ լինելուց։ Այնինչ մահուդավաճառը գազազած ուզում էր դուրս պրծնել ընկերների ձեռքից և նորից նետվել այն բազմության մեջ, որտեղից լսվում էին խուլ տնքոցներ, գոռոց, հայհոյանք։ «Բաց թողեք ինձ, բաց թողեք, անխիղճներ», հետզհետե թուլացող ձայնով կանչում էր մահուդավաճառը, բայց այդ ձայնից արդեն հայտնի էր, որ եթե նրան բաց թողեին, նա հազիվ մի քանի քայլ կաներ և կգլորվեր գետին, որովհետև շատ անխիղճ էին ծեծել նրան։

«Չթողնեք աղյուսներին մոտենան»,− բղավեց Թոմաս Բրյուլլը, որ հենց առաջին վայրկյանին նկատել էր թշնամու մի փոքր խմբի։ Այդ խումբն ուզում էր գերանների վրայով բարձրանալ և գործի դնել աղյուսների այն կույտը, որ ինչ-որ շինության համար գերանների հետ թափել էին հրապարակի մոտ։ Եվ ինքն իսկույն թռավ այն կողմը, նրա հետևից «սև եղբայրները»։ Օտտոկար Դրիշը, ինչպես գագաթից գլորվող ապառաժ, ահագին թափով նետվեց բազմության մեջ և այնքան հեռու գնաց, որ հասավ կամուրջի կեսին, որտեղ աղմկում էին հակառակորդի պահեստի ուժերը, որոնք վայրենի աղաղակներով խրախուսում էին առաջիններին։ Նրանք մի վայրկյան ետ քաշվեցին, Օտտոկարը գրատը փաթաթեց իբրև վահան և հարձակվեց այն ժամանակ, երբ շրջապատողները