Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/579

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջ,− երկար նայում էին նրա հետևից և նրանցից մեկը, որ դիպվածով եղել էր թաթարների երկրում կամ հասել էր մինչև Հաշտարխան, պատմում էր առասպելախառն պատմություններ հեռավոր հարավի մասին:

Կանայք և աղջիկները գաղտագողի հայացքով ուղեկցում էին նրան, իսկ ավելի համարձակները ժպտում էին և երբ նրանց կողմն էր նայում Արմենիերը, հանկարծ զվարթ քրքիջով պատուհանը փակում էին նրա վրա։ Ոչ մի կասկած, որ այդ սենյակում, ուր հավաքվել էին տանտիրուհու աղջիկները և նրանց ընկերուհիները, դեռ շատ պիտի խոսեին նրա մասին. աղջիկների մեջ պիտի հայտնվեր մի Գրետխեն, որը պիտի հանդիմաներ ընկերուհիներին, երբ նրանց չարաճճի շաղակրատությունն անցներ ամոթխածության սահմանից։ Ընկերուհիները պիտի հարձակվեին Գրետխենի վրա, նրան պիտի բամբասեին, այդ աղջիկը հուզմունքից պիտի կարմրեր, և ապա առանձնության մեջ զգար մի քաղցր տառապանք:

Այդպես էին ճանաչել նրան և ինչպես հաճախ է լինում, առաջին տպավորությունը մնացել էր անջնջելի։ Այդ բանին օգնել էր նաև Մարիա Աֆանասևնան, ռուս սարկավագի կինը, որի տանը մի քանի ժամանակ Արմենիերն ապրել էր։ Անհանգիստ կաչաղակի նման մի բակից մյուսն էր մտնում այդ գնդլիկ կինը և երբ հարցնեին նրա տան կենվորի մասին, նա երգելով ասում էր. «Ի՜նչ կենվոր, աստված իմ... Իսկական սուրբ։ Ծոմ է պահում, գիշեր-ցերեկ կարդում է, և իրենց լեզվով աղոթում է... Եվ ինչպե՜ս է աղոթում, այդ ինչ ձայն է, ինչ լեզու է։ Թեև չեմ հասկանում, բայց հավատում եմ, որ սրբազան լեզու է... Իմ ամուսինն ասում է, որ նրանց լեզուն աշխարհի առաջին լեզուն է, նրանց լեզվով է խոսել Նոյը, հենց որ սարից իջել է։ Ահա թե ինչ լեզվով է խոսում ...»։− «Իսկ գինի խմու՞մ է, խոսու՞մ է կանանց հետ. պետք է, որ նրանց օրենքն արգելի այդ բանը»,− հարցնում էին հետաքրքրված հարևանուհիները։ «Սուտ խոսքեր են. նա կանանց հետ խոսում է, բայց խմել չի սիրում, ամբողջ օրն իմ աղջիկը նրա հետ է... Թեև փոքր է, բայց ես իմ աղջիկը նրան կին կտայի»,− Մարիա Աֆանասևնան խորամանկ ժպտում էր: «Նրանց մոտ սովորություն է փոքր աղջիկ առնել... Բայց իմ Օյլգան շատ փոքր է, դեռ երեխա է և ոչինչ չի հասկանում այդ բաներից»։ Եվ Մարիա Աֆանասևնան այնպես անկեղծ էր կսկծում, որ աղջիկը փոքր է, և այնպես էր գովում իր տան կենվորին, որ հարևանուհիներն ակամա նայում էին իրենց հասած աղջիկներին։

Բայց ոչ մի Մարիա Աֆանասևնա չէր կարող Արմենիերի համբավը Դորպատում այնքան տարածել, եթե այդ բանին հակառակ լինեին բարեհոգի տնատերերը և ուսանողները, այսինքն ֆրաու Ֆոգելզանգի բարեկամները: