Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պետին նոր գլխի ընկավ, որ «սև ցավ» է։ Երեկոյան գյուղում էլ ուրիշ խոսելիք չկար։ Բոլորի դեմքին էլ տխրություն կար. հարցնում էին իրար, թե որտեղից կարող էր ցավը պատահած լինի, շուտ-շուտ նավթի ճրագներով գոմ էին գնում, նայում ապրանքին։

Ասես սառը ջուր էին մաղել Պետու գլխին։ Իրեն կորցրել էր, շիվարել։ Մտքով հազար ու մի բան էր անցնում, թե ինչու համար ցավը պատահեց։

Զառի աքիրն էլ մի կողմից էր կրակին յուղ ածում.

− Պետի, ցավը տվովի ա, փորձանք ա լինելու գեղում։

Եվ Պետին ավելի էր մտածում «փորձանքի» համար, բայց ավելի շուտ վախենում էր բժշկից, որ տարիներ առաջ մի անգամ էլ էր եկել գյուղը, տավարի ցավի ժամանակ։

Մյուս օրը երկու կով էլ սատկեց։ Լուր եկավ, թե հարևան գյուղում էլ է կով սատկել։ Իսկ երեկոյան դեմ գզիրը կտուրներից ձեն էր տալիս, որ վաղը քաղաքից տավարի բժիշկ է գալու։

Պետին մեջքը դեմ էր արել գոմի դռան, հենվել մահակին, գզիրին էր լսում։ Միտն ընկավ Զառի աքոր խոսքը, թե՝

− Պետի, գեղի վրա փորձանք ա գալու։

Այդ իրիկուն նա բերանը մի պատառ էլ չդրավ։ Կոլոլվեց կարպետի մեջ և պառկեց հերվա չոր խոտի վրա։

Առավոտյան Պետին մոլորվածի պես էր։ Նրա կյանքի սովորական ընթացքը խանգարել էր հանկարծակի երևացած ցավը։ Օրվա այդ ժամին նա շատ քիչ էր գյուղում եղել և անվարժ էր իրեն զգում, ման էր գալիս գոմից գոմ, ապրանքին էր նայում։ Իսկ ապրանքը գոմերի առաջ կապոտած բառաչում էր սարի կանաչ խոտի համար։ Եվ տավարի ամեն մի բառաչը ցավ էր ազդում Պետու սրտին։

Օրը ճաշ էր դարձել, երբ երկու պահակի հետ բժիշկը գյուղ եկավ։ Պետին տեսավ նրան ձիու վրա, պսպղան ակնոցն աչքին, փայլուն կոկարդը ճերմակ գլխարկի վրա։

Պետին տեսավ և ճանաչեց նրան։

Տավարը հանեցին գյուղի վերև, մի ընդարձակ կալ, կապոտեցին առաջուց պատրաստած բիհերից։ Տավարը նեղվում էր շոգից, բառաչում էր սարի կանաչի համար, իսկ տավարատերերը գլուխները կախ, ձեռները ծոցին կանգնել էին, ամենքն իրենց տավարի մոտ։

Եկավ և բժիշկը, պահակներին ուղարկեց, որ գոմերում փնտրեն, թե չկա՞ թաքցրած ապրանք։ Եվ պահակները որսի շան հոտառությամբ գոմերն ընկան։