Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/582

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Թույլ տվեք ներկայացնել ձեզ իմ Liebling-ին... Հերր դիակոնուս Աբովյան, որի մասին անշուշտ լսել եք։

− Օ, և այն էլ ինչպիսի պատմություններ... Ուրախ եմ սեղմելու Ձեր ձեռքը։ Շատ ուրախ եմ,— Աբովյանը մի քանի քայլ արեց և թեթևակի խոնահելով գլուխը, սեղմեց ծերունու ձեռքը։

− Կարծեմ, որ նա չի մասնակցել այսօրվա անկարգություններին...– Եվ ծերունին դեմքը կեղծ զայրույթով խստացրեց, ուռեցրեց այտերը և բեղերը ցցվեցին՝ մեկը դեպի վեր, մյուսը՝ ներքև։

— Օ, ոչ, Էվստարխ Իվանիչ... Նա զբաղված է միայն իր դասերով,— և պրոֆեսորը ծերունուն մոտեցրեց գավաթը։

— Սիրում եմ, շատ եմ սիրում գիտությունը և կարգապահությանը։ Դուք շատ առաջ կգնաք այդ ճանապարհով, երիտասարդ,— և ծերունին բարձրացրեց գավաթը, գլուխը թեթև խոնարհեց տիկին Էլոիզ Աուսլենդերին, ապա տիկին Պարրոտին և ետ գցեց գլուխը։ Տիկին Էլոիզին անհաճելի էր տեսնել ծերունու կոկորդի ձգված երակները և մկանները և չոր կոկորդը, որ կծկվում էր գինու յուրաքանչյուր ումպի հետ։

Այդ ծերունին պոլիցեյմեյստեր Կրուչինսկին էր, որ եկել էր համալսարանի ռեկտորին հաղորդելու օրվա պատահարի, կամ ինչպես նա էր ասում՝ «ձեղունահարկի բնակիչների անկարգության» մասին և պատժել տալու նրանց, որոնք «հակաօրինական բունտ էին սարքել» («учинили противозаконный бунт»), աղյուսներ շպրտելով հեծյալ ոստիկանների վրա։ Նա եկել էր մեծ պահանջներով և դեպքն այնպես էր նկարագրել, որ նրա ասելով, եթե վախմիստրը խոհեմ չլիներ, ապա անխուսափելի էին արյունահեղությունները երիտասարդ մարդկանց և ոստիկանների միջև, մանավանդ, որ վերջիններս պաշտպանում էին իրենց ազգակիցներին։ Պոլիցեյմեյստերը հաղորդել էր նաև, որ գրգռված երիտասարդների խմբից լսվել են անթույլատրելի բացականչություններ, որոնց մասին եթե տեղեկանա գեներալ-նահանգապետը և մանավանդ քաղաքի ժանդարմական գնդապետ Դոնցովը, ապա կարող են առաջանալ մեծամեծ անախորժություններ, և կտուժի համալսարանի համբավը և կարող են այդ բանից օգտվել համալսարանի թշնամիները (իսկ թե ովքեր էին այդ թշնամիները՝ ծերունին չասաց) և առհասարակ քաղաքի այն բնակիչները, որոնք իրենք իրեն՝ պոլիցեյմեյստեր Կրուչինսկուն հաճախ են գանգատվում ուսանողներից։

Իր խոսքին կշիռ տալու համար ոստիկանապետն ակնարկել էր մի ինչ-որ գաղտնի շրջաբերականի մասին, որ նա ստացել էր Սանկտ-Պետերբուրգից պրոֆեսոր Պարրոտին հայտնի անձնավորության ստորագրությամբ