Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/585

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ի շնորհիվ Ձեզ, թանկագին Ֆրիդրիխ Գեորգևիչ, և ներողություն, մեծ ներողություն... Ես արդեն ծեր եմ, իսկ այս գինին կատարյալ է, իսկական սուբլիմենցիա...

Կրուչինսկին երկրորդ անգամ թոթվեց տիկին Պարրոտի ձեռքը, սեղմեց նաև տիկին Էլոիզի բարակ մատները և համբուրեց՝ մի քանի անգամ կրկնելով՝ «Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ», որ կարելի էր հասկանալ և իբրև ուրախություն անցկացրած երեկոյի համար, և ուրախություն, որ նրա դողացող մատները հպել են տիկին Էլոիզի փափուկ ձեռքը։

− Այժմ հնություն, դեպի գործ, դեպի գործ... Կարող եմ ասել,– բայց այս անգամ այլևս ոչինչ չասաց, այլ միայն աղմկելով թրով և սապոգների խթաններով՝ քայլեց դեպի դուռը։ Կանայք լսեցին նրա ձայնը նախասենյակից։

− Ոչ մի դեպքում... ոչ մի դեպքում այդպիսի գռեհկություն։ Դուք իմ հովանավորն եք, Ֆրիդրիխ Գեորգևիչ, իսկ այս երիտասարդը Արարատի որդին է և կարող եմ ասել հերր դիակոնուս... Ոչ մի դեպքում։

Կանայք հասկացան, որ պոլիցեյմեյստերի առարկությունը նրա գրատի մասին է։ Ծերունին չէր թողնում, որ նրան հագցնեն ոչ պարոն ռեկտորը և ոչ Արմենիերը։ Նա ուրիշ ինչ-որ բան ասաց, որից հետո բարձր ծիծաղեց և շուտով սանդուղքների վրա լսվեց նրա հեռացող ոտնաձայնը։

8

− Զարմանալի մարդիկ են ռուս աստիճանավորները,− ասաց պրոֆեսորը ծերունուն ճանապարհելուց հետո,– իմ սիրելի բարեկամն ի՞նչ կասի նրա վարմունքի մասին՝ դրսում...

Արմենիերը, որին զայրացրել էր և ծերունի պոլիցեյմեյստերի գինարբուքը, և նրա խոսակցությունը, և այն, որ նա երկու անգամ սեղմեց տիկին Էլոիզի ձեռքը և համբուրեց, որից ցնցվեց տիկինը, և Արմենիերը նրա աչքերում զզվանք տեսավ, որովհետև ծերունին առանց շրթունքները սրբելու էր համբուրել այդ ձյունափայլ ձեռքը,− Արմենիերի զայրույթը սաստկացավ, երբ պրոֆեսորը հիշեցրեց պոլիցեյմեյստերի գռեհիկ վարմունքը դրսում, երբ մոտեցան կառքին։

Կառապան զինվորը՝ երկար սպասելուց հոգնած քնել էր ոչ թե իր տեղը, այլ այնտեղ, ուր պիտի նստեր Կրուչինսկին: Այդ բանից սաստիկ բարկացավ ծերունին և այնպես բոթեց քնած մարդուն, որ խեղճը քունը գլխին թռավ մի քանի քայլ, բայց սանձերը ձեռքից չթողեց։

«Քշիր... և ես ցույց կտամ», բղավեց ծերունին այնպիսի ձայնով, որով չէր խոսել ոչ Ֆրիդրիխ Գեորգևիչի առանձնասենյակում, ոչ տիկինների