Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/586

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներկայությամբ և նույնիսկ անհավատալի է, թե այդ զառամ մարմնից կարող է դուրս ելնել այդպիսի ահավոր մռնչյուն:

− Ես հիշեցի այն աղալարին, որ մեզ հրավիրեց իր վրանը, երբ մենք գնում էինք դեպի սուրբ Հակոբի վանքը։ Հիշո՞ւմ եք, չկարողացանք վրանի տակ նստել, երբ լսեցինք այն թշվառ մարդու աղիողորմ ձայները...

− Այն արդեն գազանային դատաստան էր,− և ապա ավելացրեց,− դուք ճշմարիտ եք. երկուսի մեջ նմանություն կա և երկուսն էլ ասիացի բռնակալներ են, որոնք ստորադաս մարդու հետ բորենի են, իսկ մեծավորի առաջ՝ աղվես։ Հիմար մարդիկ են... Այո՛։

− Իսկ ի՞նչ դատաստան էր,− հետաքրքրվեց տիկին Էլոիզը։

− Ձեր ջղերը թույլ են լսելու այդ պատմությունը, որ իմ հայրենիքի բիրտ բարքերն է վկայում։

− Բայց ավելի սոսկալի չէ, քան այն, երբ խանձել են ձեր մազերը:

− Ավելի սոսկալի է։

Եվ որովհետև, տիկին Էլոիզը խնդրեց, նաև խնդրեց տիկին Պարրոտը, Արմենիերը պատմեց, թե ինչպես ուղևորության ժամանակ, Արարատի ստորոտում նրանք հանդիպում են վաչկատուն քրդերի վրանների, որոնց գլխավորը («աղալարը») ճանապարհորդներին հրավիրում է յուր վրանը: Երբ նրանք ներս են մտնում, վրանի հետևից լսում են ինչ-որ աղեխարշ բացականչություններ։ Մոտենալով, նրանք տեսնում են մի կիսամերկ մարդու, ձեռքը և ոտքը ամուր կապած և մեջքի վրա պառկած, այնպես, որ մարդը չէր կարող որևէ շարժում անել։ Նրա վրա թափել էին մածուն և լոռի ջուր։ Որովհետև շոգ էր, ուստի բազմաթիվ ճանճեր թափվել էին նրա վրա և ծծում էին մածունը և լոռի ջուրը։ Երբ նրանք մոտեցան, ճանճերը մի կողմ թռան և պատժվածի մերկ մարմնի վրա նրանք տեսան արյան կաթիլներ։ Ապա ետ եկան ճանճերը՝ մեծ և կանաչ թևերով, նաև փոքր ճանճեր և ուրիշ այլ ճանճեր, որոնք գազազել էին շոգից և առատ սննդից և ծածկել էին մարդու մարմինը և վխտում էին կրծքի վրա, ականջների մեջ և ռունգների մոտ և աչքերի խոռոչում,− անօգնական մարդն արդեն նվաղած միայն աղիողորմ տնքում էր։ Պրոֆեսորը զայրացավ և ուղեկից կազակներին կարգադրեց, որ անմիջապես արձակեն կապերը։ Արմենիերը նկատեց, որ աղալարը դժգոհում է և նրան մի կողմ քաշելով հասկացրեց, որ գերմանացին ավելի հզոր է, քան ռուսների «սարու փաշան» և հորդորեց, որպեսզի աղալարն ինքն արձակի խեղճ մարդու կապերը։ Քուրդը քրթմնջաց, բայց հանեց ահագին խանչալը և կտրտելով կապերը, կանչեց. «Այս աղաների ղուլն ես, մունդառ...»։