Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/594

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի ուրիշը, որ ուղղվել է դեպի այն սենյակը, ուր սեղանի շուրջ բոլորել են չորս հոգի։ Այդ մարդը շալակել է գինու տակառը, որի վրա նստել է մի գեր խոճկոր, նրան հետևում է մի երիտասարդ տղա, որ գրկել է կողովը՝ բաժակներով, ափսեներով, դանակ-պատառաքաղով. նրանից հետո բարձրանում է մի ավելի փոքր տղա, որ ձեռքերի վրա տանում է մի կարկանդակ, ապա բարձրանում է նրանից ավելի փոքր տղա, որ տանում է միայն աղամանը և նրա հետևից առանց աղամանի, չորեքթաթ բարձրանում է մի երեխա և վերջապես՝ այդ բոլոր երեխաների մայրը և կինն այն մարդու, որ կքել է տակառի ծանրության տակ։ «Pes aspesa ad astra»[1],— նկարի տակ գրել է անհայտ նկարիչը, հավանորեն կամենալով պատկերել այն անցած ժամանակները, երբ Դորպատի բուրշը քննություն տալու համար գնում էր պրոֆեսորի տունը, նախօրոք այնտեղ ուղարկելով գինի և երշիկ և թել և շաքար, և ենթարկվելով խստագույն քննության, տուն էր վերադառնում հարբած, սակայն որպես մագիստր աստվածաբանության։

Եվ դեռ ուրիշ շատ նկարներ կային այդ գետնահարկ զնդանի պատերի վրա, որտեղ ինչպես գերեզմանատանը, կողք-կողքի շար էին ընկել իրար անհարիր դրություններ, որոնց հեղինակները հաջորդաբար քնել էին նույն սառն անկողնում։ Եթե մեկը կամենար գրել Դորպատի համալսարանի պատմությունը, ապա ամենահետաքրքիր էջերի նյութը կարող էին կազմել այդ հիշատագրերը՝ ածուխով, երկաթի կտորով, մատիտով և նույնիսկ եղունգներով, որոնց տերերը՝ բոլորը երիտասարդ մարդիկ, թողել էին իրենց թաքուն մտքերն այնպես սեղմ, ինչպես տապանագիրը։ Ոչ ոք չէր ավերել և ոչ մի նշան, կուրատորների կոլեգիայի և ոչ մի անդամ ներս չէր մտնում այդ խավար կալանատունը, պեդելները կալանավորներին դռան մոտ էին հանձնում քեռի Մարտինին, որի աչքերը չէին նշմարում գրությունները պատերի վրա, իսկ կալանավորները և՛ հեղինակներն էին, և՛ ընթերցողները այդ զարմանալի գրքի, որով նրանք մեղմում էին մենակության ձանձրույթը։

Թոմաս Բրյուլլը դանակով մի ազատ խորշում փորագրեց. «Ես գիտեմ, որ իմ սիրտը մի օր ինձ պիտի տանի դեպի հունական П տառը[2],− բայց և այնպես կեցցե հաջորդը»։

Ապա գրատը փռեց և պառկեց մեջքի վրա։

  1. Դժվար է ճանապարհը դեպի աստղերը։
  2. Դեպի կախաղան, որին նման է П տառի պատկերը։