Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/595

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
10

Պատի վրա խաղում է ինչ-որ ստվեր. կարծես թարթում է մի վիթխարի աչք, որի բիբն է լուսամուտը, հազիվ նշմարվող լույսով․․․ Ոչ, այդ ճրագն է պատրույգի ուրախ աղմուկով։ Ուրեմն մայր է մտել արևը․․․ «Արևը մայր է մտել, ինչպես մեռնում է դյուցազնը»։ Երևի քնել է մի ժամ, երկու ժամ, գուցե ավելի։ Նա չի հիշում... Ինչ լավ էր Բոհեմիայի անտառներում, թռչնորս Վալտերը ցույց էր տալիս այն ավերակ դղյակը, որտեղ ապաստանել է Կարլ Մոորը։ Ինչ խավար գիշեր էր... անտառի վրա կարկտախառն անձրև էր և դղրդում էր որոտը, կարծես տրաքվել է հեղեղը և գալիս էր զարհուրելի զորությամբ... Այն ի՞նչ աղմուկ է դրսում. լսվում են ոտնաձայներ, ապա մի վայրկյան լռում են։ Պատուհանից ոչինչ չի երևում, լսվում է մետաղի ձայն, քեռի Մարտինը բանալին դարձնում է կողպեքի մեջ և հանկարծ ներս են խուժում չորս հոգի, փաթաթված սև թիկնոցների մեջ։ Նրանք լապտերներով են։

— Տիդելեն․․․ Դու է՞լ, Մորից... Նաև ինքը՝ Մունջ Արքան։

Եվ Թոմասը գրկեց իր ընկերներին, որոնք դեն նետեցին օտարոտի թիկնոցները և գլխարկները, որ հագել էին կալանավորին հանկարծակիի բերելու։

— Տես թե ո՞վ է եկել մեզ հետ,– ուրախ կանչեց Տիդելենը, ցույց տալով մի երիտասարդի, որը դռան մոտ կանգնած նայում էր ընկերների գրկախառնվելուն և միաժամանակ զարմացած դիտում էր համալսարանի հռչակավոր criminal carcer-ը։

Թոմասը մի քայլ մոտեցավ։

− Արմենիե՜ր, իմ սիրելի եղբայր...– Երիտասարդը ձեռքի կապոցը վայր դրեց և նրանք իրար գրկեցին։

Արմենիերի աչքերը լցվեցին։ Նա ոչինչ չասաց և աչքերը խոնարհեց գետին։

— Մենք դեռ հեռվից լսեցինք ինչ-որ աղմկալի խոսակցություն,– արագ-արագ ասաց Տիդելենը, որ մի րոպեում տասն անգամ արդեն չափել էր կարցերն անկյունից անկյուն։

— Մի քիչ հանդարտ, պարոնայք ուսանողներ... Դրսից կարող են լսել,– բայց քեռի Մարտինի աղերսին ոչ ոք ուշադրություն չդարձրեց, և ծերունին բարվոք համարեց դուռը ծածկել և հեռացավ՝ շարունակելու քունը, որովհետև նրանց կապոցներից և կողովներից, որ ուսանողներր ներս էին բերել լայն թիկնոցների տակ, քեռի Մարտինը եզրակացրեց, որ նրանք դեռ երկար պիտի նստեն...

— Ես մերոնց պատվիրեցի սպասել փողոցի անկյունում։ Մոտենում