Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/598

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մինչ այդ նա անշարժ կանգնել էր, հագին արջենի քուրք, որ իջնում էր մինչև կրունկները։

Արմենիերը, որ նրանից քաշվում էր՝ կարծելով թե նա ուսանող չէ, այլ Թոմաս Բրյուլլի դրսի ծանոթներից, ասաց.

− Օտտոկար Դրիշն իմ հարևանն է և շատ սիրելի, շատ համեստ եղբայր է... Եվ ես նրանից աշխարհագրություն եմ սովորում: Օ՜, նա քաջ գիտի աշխարհագրություն և պոետիկա, և լեզուներ էլ լավ գիտի, բայց և այնպես կատարյալ արջ է...

− Սիրելի Արմենիեր, չվիճենք Մունջ Արքայի հետ,− կիսակատակ ասաց Թոմասը,− նա մեծ վարպետ է արջաբանության և ինքը կես մարդ, կես արջ է, ինչպես վկայում է նրա արտաքինը, որ այսօր ավելի ուռած է։

− Իմ արտաքինը թող ձեզ կրկնակի ուրախություն պատճառի,− և Մունջ Արքան, քանդելով քուրքի կապերը, թևերը տարածեց:

− Herr Cott sacramentum,– բացականչեց Տիդելենը:

− Ահա քեզ հրաշք։

− Այժմ հասկացա, թե ինչու աչքիս ուռած երևացիր։

Իսկ Մունջ Արքան կանգնել էր քուրքը լայն բաց արած: Քուրքի, աստառի վրա, բազմաթիվ գրպանների միջից երևում էին շշերի գլուխները, ինչպես գինետան դարակների վրա։ Տիդելենն ու Մորիցը վրա վազեցին, նրանք շշեր հանեցին այդ գրպաններից, քուրքի այլ խորշերից, նրա տաբատի գրպաններից և էլ որտեղից ասես, որ նրանք գինի չհանեցին։

− Այսքանը ե՞րբ կարողացար հավաքել, չէ՞ որ ամբողջ օրը մենք միասին ենք,− և Տիդելենը նայեց գինու շշերին, որոնց մի մասը դրել էր գետնին։

− Ես երեկվանից եմ Բիաս հույն փիլիսոփան–[1]... Հույս ունեի, որ Թոմասը կազատվի և մենք սանդուղքի վրա նրան կողջունենք: Բայց ֆորտունան այլ կերպ դարձրեց անիվը։

− Այժմ ի գործ, magister bibendi...[2] Բախտավորի համար ամեն տեղ երջանկություն է, նույնիսկ քեռի Մարտինի տնակում։

Տիդելենը, որ հայտնի էր նաև իբրև նկարիչ, մահճակալի վրա ըստ իր ճաշակի սարքել էր սեղան, մեջտեղը տապակած խոճկորը՝ շրջապատված եփած ձվերի օղակով։ Ճրագի լույսի տակ խոճկորն այնպես էր փայլում, կարծես դեղին մարմարե քանդակ էր փղոսկրյա շրջանակի

  1. Մի անգամ հույն փիլիսոփա Բիասը բարեկամների այն հարցին, թե ինչու հրդեհից չազատեց իր գույքը, պատասխանեց. «Իմ ունեցածը ես հետս եմ ման ածում»։
  2. Խմելու վարպետ: