Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/601

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արիասիրտ եղիր, ամեն սկիզբ դժվար է, բայց հավատա, որ սաստիկ ձգված աղեղը մի օր կտրաքվի և այն ժամանակ սուրբ է նա, ով կռվել է իր հայրենիքի համար՝ քրտինքով և արյունով։ Mensch, bezahle deine Schulden[1],− ասել է Վեյմարի իմաստունը։ Այժմ հասել են այդ ժամանակները... Արիասիրտ եղիր, Արմենիեր։

Եվ Թոմասը մի ումպով դատարկեց գավաթը։

− Pro patria[2],− և Տիդելենը դատարկեց գավաթը:

− Pro patria cemper[3],− և Մորիցը դատարկեց գավաթը։

− Սիրելի եղբայր...− և ուրիշ ոչինչ չկարողացավ արտասանել Մունջ Արքան, որ Թոմասի խոսքի վրա երեք անգամ դատարկել էր գավաթը, որովհետև այդ հսկա տղամարդը բարակ սիրտ ուներ և երբ սաստիկ հուզվում էր, ներքին բոցը հանգցնում էր մեղրագինու ջրվեժով։

Արմենիերը գունատ էր։ Նրա թավ արտևանունքները շղարշի նման ծածկել էին աչքերը։ Կարծես ննջում էր։ Ապա նա գլուխը ցնցեց և նայեց պարզ աչքերով։

− Լցրու գավաթները, եղբայր Տիդելեն։ Ըստ իմ հայրենիքի սովորության ես պատասխանի խոսք ունեմ։

Տիդելենը գավաթները լցրեց։

− Իմ հոգու եղբայրներ։ Ինչ որ ասաց Թոմասը, ես չեմ մոռանա հավիտյանս հավիտենից։ Ես որդի եմ մի հին ժողովրդի, որ խավար է ապրել և եկել եմ այստեղից լույս տանեմ այդ հեռու երկիրը։ Այստեղ գտա իմ երկրորդ հայրենիքը։ Բայց ես մի օր պիտի վերադառնամ իմ հին հայրենիքը, որ սպասում է ինձ, ինչպես մայրը որդու վերադարձին։ Ես չպիտի մոռանամ իմ լեզուն, իմ սովորությունները, որպեսզի վերադարձին ինձ օտար չհամարեն։ Ա՜խ, եթե դուք իմանայիք այն ամենը, ինչ որ եկել է իմ գլխին, իմանայիք իմ կյանքը և տեսած լինեիք իմ հայրենիքը և նրա մարդկանց,− դուք կներեիք և իմ տխրությունը, և իմ մեծ կարոտը։ Բայց ես երբեք չեմ ների իմ թշնամիներին, որոնք միայն իմը չեն, այլ ժողովրդի թշնամին են։ Տեսնո՞ւմ եք այս սպին,– նա ետ քաշեց մազերը և ցույց տվեց ճակատի սպին՝ աբասու մեծության,− ես էի տասը տարեկան, երբ ինձ տարան վանք, գուցե լսել եք անունը՝ Էջմիածին։ Այնտեղ ես,− չգիտեմ ինչպես թարգմանեմ այդ բառը,−

  1. Գյոթեի խոսքը. «Ով մարդ, կատարիր քո պարտականությունները»։
  2. Հանուն հայրենիքի:
  3. Միշտ հայրենիքի համար: