Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/603

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Հապա իմ խի՞ղճը,− մեղմ առարկեց Արմենիերը։

− Արիասիրտ եղիր, Արմենիեր, և պահիր քո հայրենի ծեսերը, եթե նրանք հարկավոր են քո գործի հաջողության... Բայց և մի մոռանա, որ դու ընտրյալ ես:

Նրանք դեռ երկար պիտի նստեին և դեռ լիքն էր այն շիշը, որ նման էր կաթոլիկ աբբահոր և այն շիշը, որի ոսկե զմառ սաղավարտ էր հիշեցնում.– երբ հանկարծ դուռը բացվեց և ներս մտավ քեռի Մարտինը գիշերային զգեստով. դրսից լսվեց մեկի գոռգոռոցը՝ կիթառի հնչյունների հետ։

− Խնայեցեք քեռի Մարտինին, սիրելի երիտասարդներ,− բայց քեռի Մարտինը խոսքը չվերջացրեց, որովհետև նրա հետևից ներս մտավ Օտտոկարը հարբած և աչքերն արյուն կոխած:

− Գնանք Բոհեմիայի անտառները... Ավազակներ դառնանք,− և կիթառով զարկեց ու վայր գլորեց ճրագը և քիչ մնաց, որ ինքը գետին փռվեր։

− Խնայեցեք քեռի Մարտինին,– աղեխարշ կանչեց ծերունին,– սրա գոռգոռոցը հասնում է մինչև Ռևել և վաղը կուրատոր ֆոն Յանաուն ինձ պիտի պատժի։

Օտտոկարին մի կերպ դուրս տարան։ «Սև եղբայրները» հրաժեշտ տվին իրենց առաջնորդին և բոլորը դուրս եկան դռան մոտ Թոմաս Բրյուլլը նայեց խավարի մեջ օրորվող նրանց լապտերներին:

Իսկ Օտտոկարը քնած փողոցներում մռնչում էր ինչպես կրկեսի ցուլը, որին խմացրել էին մի տակառ մեղրագինի և բաց էին թողել քաղաքում։

− Կարթագենը պետք է կործանվի,− գոռում էր Օտտոկարը։

11

Նրան տանջում էր հայրենիքի կարոտը։

Գարուն էր բացվում և առաջին գարունն ավելի էր զորացնում այդ կարոտը։ Իսկ ոչ ոք չկար այն հեռու երկրից, որ նրա հիշողության մեջ պայծառ էր, ինչպես մութ գիշերին հովիվների խարույկը լեռան վրա։ Այդ մի անմարմին կարոտ էր՝ նման այն գոլորշուն, որ գարնանը բարձրանում էր ճահճուտներից, անտառներից և Էմբախի ձորերից։ Այդ մի ձայն էր, որ նրա ականջի տակ հնչում էր երբեմն մանուկ օրերի երգը, երբեմն պարզ լսում էր մոր ձայնը՝ «Խաչե՜ր, Խաչե՜ր...»։ Եվ հանկարծ ետ էր նայում, բայց նանին չէր երևում, այլ երևում էր պարտիզպանը,