Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/606

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կանայք չարսավով են, աղջիկներին հարս են տանում, երբ նրանք դեռ անմեղ երեխա են և չխոսական հարսը սկեսուրի հետ խոսում է մատներով, աչքերով։ Ապա այն պատիժները, որ կային նրա հայրենիքում, ապա Մոսին, որին դաշտից փախցրել էին լեզգիները, ֆառաշները, թե՞ վաչկատուն թարաքյամաները, երբ գյուղի երեխաները գնացել էին Մուրադ Թափայի բլուրը՝ սինձի։

Հաճախ նա համեմատում էր այն հին երկիրը և նրա բարքերն իր նոր հայրենիքի հետ։ Ահա լալիս է մի փոքրիկ երեխա, բայց մայրը նրան չի ծեծում, այլ ուրախացնելով՝ լացը կտրում է. «յայս հայեցեալ, իսկոյն թռեան միտք իմ առ վիճակ մերոց երեխայից, թէ զիա՞րդ ծնողք աշխարհին մերոյ անհոգ կան վասն զաւակաց իւրեանց և զիա՞րդ երեխայք աշխարհին մերոյ առանց ինչ մխիթարութեան զարգանան, որով վասն արտասուալից աչօք, պղտորեալ սրտիւ սկսայ հոգ հանել...»։

Ահա ձեռք է բերել Ռոբերտ Քեր Պորտերի ուղեգրությունը և շտապում է իր բարեկամին ցույց տալու գիրքը և գրքի նկարները՝ Երևանի բերդը և Արարատը, պարսիկ սարբազներին և հարեմի մանկամարդ պարսկուհուն, որ զուգված կանգնել է՝ ձեռքին Գյուլիստանի վարդը, ասես հարցնում է, ո՞վ է գեղեցիկ՝ ինքը թե վարդը։ Եվ նորից խոսք է բացվում հեռավոր Իրանի և Արմենիայի մասին, և նրա բարեկամը, նաև նրա դուստրերը հավանում են Ֆաթալի շահի նկարը, նրա հանդերձը և նույնիսկ շահի հռչակավոր միրուքն են հավանում, բայց չեն հավանում պարսիկ կնոջ հանդերձները և «ծածկելն նոցա զերեսս ամենքին անհաճոյ երեվին. և յիրաւի անհաճոյ»։

Նրա հիշողության մեջ հետզհետե պայծառանում էր այն, որ քաղցր էր և սիրելի, մայրը, Միրզամը և քույրերը, փոքրիկ եղբայրը, նույնիսկ իրենց Բողարը, որի հետ խաղացել էր մանկության տարիներին։ Ինչքա՜ն մանր և աննշան հիշողություններ էին զարթնում. պռունկը կոտրած պղնձե ջամը նայում էր նրան երկար, շատ երկա՜ր և ինչպես հին ծանոթ, նրան ասում էր. «դու ինձ չես մոռանա, Խաչեր, ինձ երբեք չես մոռանա...»։ Այն կողմից դրնգում էր կարասը, որ ընկած էր էյվանի տակ. «ապա ի՞նձ... հիշո՞ւմ ես, գլուխդ կռացնում էիր ներս և կանչում դոն-դոն, իսկ ես միշտ արձագանքում էի քո ձայնին՝ դո՜ն, դո՜ն... դո՜ն...»: Այսպես խոսում էին բակի քարերը, աղաքարը՝ որի վրա հայրը աղ էր ցանում և տավարը լիզում էր աղը, հետո եզները քարն էին լիզում իրենց փշոտ լեզուներով՝ խըշշ-խըշշ, կարծես գերանդիով հնձում են չորացած խոտը։ Երգում էին դռներն ու դռնակները, ամենքն իրենց հանգով, հացատան դռնակը՝ բարակ ու մեղմ, տան դուռը՝ ինչպես պառավ շուն՝