Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/608

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ հետզհետե մեծանում էր։ Բացատի միջով արևը ճեղքել իր անտառի ստվերը։ Երբ սև կետը հասավ արևով ողողված ճանապարհին, նա տեսավ երեք ձի, որոնք սլանում էին բարձրացնելով ձյունի փոշի, որ արևից փայլփլում էր արծաթի գույնով։ Զանգակների ձայնը հետզհետե հզորացավ։ Արդեն պարզ երևում էր կողքի ձին, որ պարանոցը կեռ պահած թռչում էր՝ խաղացնելով ոտքերը և ծածանելով երկար բաշը: Ահա նրանք մոտեցան շլագբաումին, ծերունի պահապանն արդեն բարձրացրել է ուղեկալ գերանը, զգալով, որ միևնույն է, այդ ձիերը կանգ չեն առնելու և նույնիսկ կարող են թռչել գերանի վրայով... Ձիերը սլացան նրա մոտով, ձյուն թափելով նրա վրա։ Ձյունի փոշու մեջ հնչեց մի ծիծաղ զվարթ, ինչպես զանգակների ձայնը։ Սահնակի մեջ նա նշմարեց կանացի մի դեմք՝ կապույտ աչքերով և այտերը բաց վարդագույն։ Հանկարծ այդ կինը ձեռքը օդում թափահարեց։ Կարծես քուրքի միջից կինը հանեց մի սպիտակ աղավնի, որ ձյունի փոշու մեջ թպրտաց և նորից մտավ տաք բույնը։ Արմենիերը բարձրացրեց գլխարկը, վազեց սահնակի հետևից, բայց սահնակը քաղաք մտնելով, աներևութացավ։

Նա գնում էր գլխաբաց, գլխարկը ձեռքին... Այդ փողոցները նրան օտար էին... Քաղաքի այդ մասում նա չէր եղել։ Նա լսեց ուրիշ զանգակների ձայն և նայեց երկրորդ սահնակին։ Անցավ նաև երրորդը... Սակայն ոչ ոք չնայեց նրան և այլևս չերևաց այն ցնորական տեսիլքը։

Նա ուշքի եկավ, գլխարկը ծածկեց և սկսեց հետաքրքրությամբ դիտել սահնակներին։ Իր կյանքում նա առաջին անգամ այդ օրն էր տեսնում սահնակը և նրա հիշողության մեջ առաջին սահնակը մնաց ինչպես զարմանայի հրաշք։

Հասավ զինվորական հիվանդանոցին։ Այդտեղից երևում էր գերմանական եկեղեցին, որից այն կողմ փողոցները նրան ծանոթ էին: Հիվանդանոցի դարբասը բաց էր։ Բակում երևում էին գլխաբաց զինվորներ, որոնցից մի քանիսը հենակներով էին: Մեկի գլուխը փաթաթված էր դեղին շորով։

Մի ռուս կին դարբասի մոտ վաճառում էր արևածաղիկի բոված սերմեր։ Մի քանի զինվորներ նրան շրջապատել էին և երևում էր, որ նրանք տատանվում էին՝ գնե՞լ թե ոչ։ Գուցե թե նրանք կատակում էին կնոջ հետ, փարատելով իրենց ակամա ձանձրույթը:

Արմենիերը դիմացի մայթով տեսավ նրանց, տնտղեց գրպանները և անցավ մյուս մայթը։ Հիվանդ զինվորները նրան տեսնելով լռեցին և ետ քաշվեցին, իսկ կինն սկսեց գովել իր ապրանքը։ Արմենիերը նայեց զինվորներին և խղճահարվեց...