Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/609

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանք դեղնած և նիհար երեսով մարդիկ էին։ Բոլորը մեծ միրուքով էին, մեկը ալեհեր էր, իսկ մյուսը երիտասարդ էր։ Սակայն բոլորի դեմքին դրոշմված էր ստրկության կնիքը։

− Ո՞րտեղացի եք, հայրենակիցներ,− հարցրեց Արմենիերը։

− Հեռվից ենք, ձերդ բարեծննդություն,– պատասխանեց ալեհեր զինվորը, դժկամելով, որ ընդհատվեց իրենց զրույցը, նաև այն սառնությամբ, որ նշանակում է. «շարունակիր ճանապարհդ, բարին, ոչ մենք ենք քո հայրենակիցը և ոչ էլ քեզ է հետաքրքրում, թե մենք որտեղացի ենք»:

− Արևածաղիկ ուզո՞ւմ եք...

− Ինչո՞ւ չէ, կարելի է... Կարելի է, ձերդ մեծություն,– և առաջինը մոտեցավ ալեհեր զինվորը, ապա մյուսների դեմքին ևս երևաց կես-միամիտ, կես-քծնող ժպիտ։

− Լազարեթում շա՞տ զինվոր կա։

− Ո՞վ գիտե... Մենք չգիտենք...

− Իսկ ձեր զինվորների մեջ հայ չկա՞...

− Հա՞յ,− և նրանք իրար երեսի նայեցին։− Կարելի է որ լինի, ձերդ մեծություն. այստեղ ամեն ցեղից էլ կան, ով Դոնից է, ով Կալուգայից, մինչև անգամ Օրենբուրգից կա, և կարող է հայ էլ լինել... Ո՞վ գիտե։

Արմենիերի աչքերը փայլեցին։

− Ես ձեզ համար էլի արևածաղիկ կառնեմ... Տեսեք, եթե հայ կա, կանչեցեք դուրս։

− Կարելի է նաև առանց արևածաղկի,− ասաց ալեհեր զինվորը:

− Դու քեզ համար պատասխանի, պառավ, ուրիշների հետ ի՞նչ գործ ունես,− զայրացավ ռուս կինը,− կարող է, որ նորին բարեծննդությունն ուզում է այսօր բարեգործություն անել։

− Իսկ խիղճ կա՞... թե՞ ոչ։ Քոնը միայն փողն է, լիրբ...– և դարձավ Արմենիերին,– կարելի է... Բայց հայն ի՞նչպիսին է։ Մեզ մոտ ամեն ցեղից էլ կան, ով Դոնից է, ով...

− Կա՞ սև մարդ, սև աչքերով, քիթը՝ մեծ։

Ալեհեր զինվորը միտք արեց՝ նայելով իր ընկերներին։ Նրանք էլ էին միտք անում, կրծելով բոված արևածաղիկը։ Մի զինվոր ասաց.

− Իսկ որ վերջին ֆլիգելում է ապրում, նա հայ չի՞...

− Ո՞րը,− հարցրեց ալեհեր զինվորը։

− Նա, որ հաց էր գողացել... որին ծեծեցին: