Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/613

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչպես մի երիտասարդ աղջիկ, որ սրսփալով մտել է ջուրը և չի հիանում ոչ չարաճճի ալիքներով և ոչ ափի ծաղիկներով, այլ հիանում է միայն իր պատկերով, որ ճոճվում է ջրի մեջ:

Ապա հնչեց հնամենի վալսը՝ հիշատակն այն օրերի, երբ դեռահաս աղջիկ էր, այն տարիքում՝ երբ ոչ անմեղ երեխա էր և ոչ կյանք ճաշակած կին, մի տարիք, երբ առաջին տպավորություններն անջնջելի դրոշմ են դնում հոգու վրա։ Այդ տպավորությունները նման են դեղնած տերևների, բայց ոչ խոր աշնան, երբ մերկանում է ամբողջ այգին, չկան թիթեռները և տխուր խոխոջում է առուն,— այլ նման են այն առաջին տերևներին, որ դեղնում են աղմկոտ ամռանը և վայր են ընկնում կանաչ խոտերի վրա, որտեղ երգում են ճպուռները, բզեզները հարսանիք են սարքել և ամբողջ այգին, ինչպես մի երգեհոն, հնչեցնում է պտղաբերության հավերժական երգը։ Եվ ավելի զվարթ է հնչում այդ կանաչ երգը, երբ ընկնում են մահվան առաջին տերևները:

Տիկին Էլոիզն այլևս չէր լսում ոչ դրսի ոտնաձայները և ոչ էլ նայում էր պատուհանի վարագույրներին, որ քամուց բարձրացնում էին եզրերը և իսկույն իջեցնում, կարծես մեկին ցույց էին տալիս այդ գեղեցիկ պատկերը՝ տիկին Էլոիզին, մոմերի լույսով, բատիստե սև զգեստով, և վառ կարմիր ժապավենի փնջերով, որ վարդերի նման բացվել էին. նրա թևերի վրա և իրենց կարմրավուն ցոլքով երևացնում էին նրա ականջները՝ մոխրագույն գանգուրների մեջ։

Իսկ մաշված ստեղները լալիս էին։ Նրանք անձրևում էին կարոսփ հնչյուններ. երբեմն մեկը և երկուսը թավ ղողանջում էին հեռվից, կարծես նավը գնում էր ծովի հեռուն և այնտեղից այդ ձայները հրաժեշտ էին տալիս սիրելի ափին։

Երբ նվագը վերջացավ և օդի մեջ դեռևս չէին հալվել վերջին եիևէջները, տիկին Էլոիզը լսեց խուլ խշշոց։ Հեռվում աղմկում էր անտառը։ Նա մոտեցավ պատուհանին։ Երկինքը խավար էր։ Նա լսեց ավելի խուլ աղմուկ, քան անտառի խշշոցը. կարծես շատ հեռվում դղրդում էր փոթորկած ծովը։

Տիկին Էլոիզը ցուրտ զգաց։ Նա կծկվեց բազմոցի վրա և ձեռքն առավ սեկե կազմով գիրքը։

Երբեմն այդ գիրքը նրա բարեկամն էր։ Ընթերցելով այդ գիրքը, նա արտասվել էր, ինչպես այն ռոմանտիկ դարում գիտեին արտասվել երիտասարդ աղջիկները և երիտասարդ պատանիները, որոնք զգում էին անգո մի վիշտ տերևների սոսափի և իրենց հոգու մեջ։ Այն կախարդական գիշերը, երբ լիալուսնի տակ ցցվել էր աշտարակը մի լուռ դղյակի,