Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/617

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արմենիերը ոչինչ չասաց. նա կանգնել էր կլավիրի մոտ և փորձում էր վերհիշել այն գամման, որ հնչում էր ինչպես վանքի զանգերի ղողանջը։

− Ուզո՞ւմ եք ձեզ սովորեցնեմ կլավիրի վրա նվագել։

Արմենիերը տխուր պատասխանեց.

− Ինձ համար ուշ է արդեն... Մեզանում ասում են քառասունի մեջ սովորողը գերեզմանում կնվագի։

− Բայց դուք շատ հեռու եք քառասունից։

− Համբերություն չունեմ, տիկին Էլոիզ։

− Հենց դրա համար էլ պիտի սովորեք նվագել։

− Կիթառի վրա՝ գուցե, թե չէ իմ հայրենիքում որտեղի՞ց է այս գործիքը և ո՜վ գիտի, ես պիտի ունենա՞մ տուն և ընտանիք։

− Այստեղ այնքան լավ աղջիկներ կան... Ընտրեցեք մեկն ու մեկին և տարեք ձեզ հետ։

Արմենիերը չզգաց տիկին Էլոիզի ո՛չ դողացող ձայնը և ո՛չ տխուր շեշտը։

− Նրանցից ոչ ոք ինձ հետ չի վերադառնա իմ երկիրը։

− Այն ժամանակ դուք մնացեք այստեղ։

− Չեմ կարող, ես պետք է վերադառնամ։

Ստեղները միալար ղողանջում էին այն գամման, որ հիշեցնում էր վանքի զանգերը։

− Իսկ ձեր եկեղեցիներում չե՞ն նվագում...

− Ո՛չ, տիկին։ Մեզանում միայն երգում են։

− Եվ երևի սքանչելի է խումբը երգիչ աղջիկների և տղաների:

− Աղջիկներին և կանանց արգելված է երգել մեր եկեղեցիներում։ Նրանք կարող են միայն աղոթել և այն էլ պետք է առանձին կանգնեն։

− Խեղճ աղջիկներ։

− Այո, տիկին, նրանք խեղճ են։ Նրանք ոչ միայն չեն կարող եկեղեցում երգել, այլև չեն կարող սիրել և գուցե թե իրենց սրտում գաղտնի սիրեն մեկին, բայց չեն կարող այդ մասին հայտնի ասել։ Նրանց շատ կանուխ են ամուսնացնում։ Մեզանում ասում են՝ գդակդ զարկիր աղջկա մեջքին, եթե աղջիկը վայր չընկավ, ուրեմն ժամանակն է ամուսնացնելու...

− Եվ ամուսնացնում են։

− Եվ ամուսնացնում են։ Իմ ազգականուհին, որ հիմա հազիվ լինի տասներկու տարեկան, արդեն երկրորդ տարին է, որ կինն է մի վայրենի մարդու, որ նրան հայր կսազեր։ Իսկ ինչքան կայտառ աղջիկ էր